«Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս ինձ». Ճապոնացի դաշնակահարը Երևանում կատարեց Վարդապետի ստեղծագործությունները
Ճապոնացի դաշնակահար Կեյ Սաոտոմեն «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում հանդես եկավ մենահամերգով: Նա կատարեց Կոմիտասի «Յոթ պար» դաշնամուրային ստեղծագործությունը, Մոցարտի, Վերդիի, Լիստի, Շոպենի, Դեբյուսի և Գագիկ Հովունցի գործերը:
Վարդապետի 149-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագիրն անցկացվեց հոկտեմբերի 1-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Կեյ Սաոտոմեի խոսքով՝ իրեն շատ հոգեհարազատ է հայկական մշակույթը և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Անչափ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ ելույթ ունենալու Հայաստանում: Երբ իմացա նախաձեռնության մասին, մեծ խանդավառությամբ ընդունեցի համաժողովին մասնակցելու հրավերը և շատ կարճ ժամանակում պատրաստեցի կոմիտասյան ստեղծագործությունները: Կոմիտաս ուսումնասիրելով` ես բացահայտեցի ինձ համար նոր աշխարհ, նոր զգացումներ: Երբ նոտաները ուղարկեցին և ուսումնասիրեցի, միանգամից հոգեհարազատ դարձան, և այսօր առաջին անգամ կատարեցի այստեղ:
Հայկական հողի վրա առաջին քայլը դնելուց հետո զգացի ջերմություն, որը չեմ կարող բացատրել ոչ մի խոսքով, բայց շատ զգացմունքային ժողովուրդ են հայերը, և առաջին իսկ պահից զգացի Հայաստանի վառ գույները: Չեմ կարող նույնիսկ բառեր գտնել: Տպավորություն է` շատ եմ եղել այստեղ: Իսկ Կոմիտաս այնպես եմ նվագում, կարծես` Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս: Զգում եմ այդ կապը Կոմիտասի հետ»,-նշեց դաշնակահարուհին:
Լուսանկարը` Տաթև Դուրյանի