6,0 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ
6,0 մագնիտուդով նոր երկրաշարժ է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Մակասար քաղաքից (ունի մոտավորապես 1,3 մլն բնակիչ) 613 կմ հարավ ընկած շրջանում:
Օջախը 12 կմ խորության վրա էր: Տուժածների, ավերածությունների եւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն ստացվել: Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել է մոտավորապես 170 հետցնցում:
Ըստ վերջին տվյալների՝ տարերքի հարվածի հետեւանքով զոհվել է ավելի քան 1,2 հազար մարդ, տուժել են հարյուրավոր բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: