Կատալոնիայում փակել են ճանապարհներն անկախության հանրաքվեի տարեդարձի օրը. La Vanguardia
40Կատալոնիայի անկախության շուրջ 400 կողմնակիցներ հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան փակել են ուղիները Ժիրոնա քաղաքի երկաթուղային կայարանում:
Այդ մասին հայտնել է La Vanguardia թերթը: Ակցիան նվիրված է Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալու հարցի շուրջ անցկացված հանրաքվեի տարեդարձին: Հանրահավաքը կազմակերպել են հանրապետության պաշտպանության կոմիտեները, որոնք պայքարում են ինքնավարության անկախության հռչակման համար:
Բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունների հետեւանքով արագընթաց գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես կանգնեցվել է: Բացի այդ, Իսպանիայի հետ խզման կողմնակիցներն արդեն մի քանի կենտրոնական փողոցներ են փակել Բարսելոնայում եւ այլ բնակավայրերում: Օրվա ընթացքում հանրաքվեի տարեդարձի առթիվ ամբողջ Կատալոնիայում կանցկացվեն բազմաթիվ հանրահավաքներ ու ակցիաներ:
Սպասվում Է, որ ամենախոշորը կդառնա Բարսելոնայի ցույցը: Նախատեսվում է, որ երթը կսկսվի տեղական ժամանակով ժամը 18:30-ին Պլասա դե Կատալունիա կենտրոնական հրապարակում եւ կավարտվի տարածաշրջանի խորհրդարանի շենքի մոտ: 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում քվեարկություն է անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ: Դրան մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 5,31 մլն կատոլոնացիներից 2,28 միլիոնը, ընդ որում՝ հանրահարցման մասնակիցների 90,18 տոկոսը հանդես է եկել անկախության օգտին: Մադրիդն ի սկզբանե այդ հանրաքվեն անօրինական էր համարում:
Հոկտեմբերի 27-ին այդ տարածաշրջանի խորհրդարանը հաստատեց հանրապետության անկախության հռչակման բանաձեւը: Ի պատասխան, Սենատը (Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը) հավանություն տվեց թագավորության Սահմանադրության 155-րդ հոդվածը գործողության մեջ դնելու Մադրիդի խնդրանքին, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել, ինչը թույլ տվեց սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: