Բաժիններ՝

Մակեդոնիայի վարչապետը մեկնաբանել է հանրաքվեի արդյունքները

Մակեդոնիայի վարչապետ Չորան Զաեւը հայտարարել է, որ երկրի վերանվանման շուրջ հանրաքվեում քվեարկածների մեծամասնությունը պաշտպանել է Հունաստանի հետ կնքված համապատասխան համաձայնագիրը եւ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը երկրի անդամակցությունը, այժմ այդ հարցը քննարկելու է խորհրդարանը։

«Դա լուրջ ներդրում է, մեր Մակեդոնիայի ապագայի հիմքում դրված քար: Հանրաքվեում քվեարկել է ավելի քան 650 հազար քաղաքացի: Քվեարկածների ավելի քան 90 տոկոսը կողմ է արտահայտվել եւ գտնում է, որ Մակեդոնիայի Հանրապետությունը պետք է ընդունի Հունաստանի հետ կնքված պայմանագիրը եւ դառնա ՆԱՏՕ-ի ու եվրամիության անդամ»,- նշել է կառավարության ղեկավարը: Նա հավելել է, որ առաջիկա օրերին կփորձի մանդատների երկու երրորդի մեծամասնություն հավաքել խորհրդարանում՝ Աթենքի հետ պայմանագրի կապակցությամբ սահմանադրական փոփոխությունների ընդունման համար:

ԵՄ-ի հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը հայտարարել է, որ հանրաքվեն ցույց տվեց «լայն աջակցությունը» Մակեդոնիայի եվրատլանտյան ընտրությանը, եւ կոչ է արել քաղաքական ղեկավարներին՝ հարգել այդ որոշումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարելէԷ, որ դաշինքը ողջունում է Մակեդոնիայում կայացած հանրաքվեի արդյունքները: «Ես կոչ եմ անում քաղաքական բոլոր ղեկավարներին ու կուսակցություններին՝ գործել կառուցողականորեն ու պատասխանատվությամբ, որպեսզի օգտագործվի այս պատմական հնարավորությունը»,- ասել է նա Twitter-ի իր օգտահաշվում:

Հունաստանի կառավարությունը հունիսի 17-ին պայմանագիր է ստորագրել Մակեդոնիայի Հանրապետության հետ, որը լուծում է նրա անվանման շուրջ ընթացող բազմամյա վեճը եւ Սկոպիեի համար ճանապարհ բացում դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն, բայց քննադատության թիրախ է ինչպես Հունաստանում, այնպես էլ Մակեդոնիայում: Կողմերը պայմանավորվել են այն վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս