«Ներդրողների հետ շփումներում հասկանում ենք, որ նրանք բոլորը սպասողական վիճակում են». Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարևորության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը:
«Պետք է արագացնենք արտահերթ ընտրությունները, որովհետև այս ընթացքում բոլոր կարգի բիզնեսի ու տնտեսության ներդրողների հետ շփումներում հասկանում ենք, որ նրանք բոլորը սպասողական վիճակում են, և նրանց պետք է երկարաժամկետ քաղաքական տեսլական, որպեսզի տնտեսության մեջ մենք կարողանանք իրական ներդրումներ ու փոփոխություններ անել: Տնտեսական շահերից է բխում, որպեսզի արագ անենք այդ փոփոխությունները»,- ընդգծեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների հասնելու տարբերակները շատ են, բայց պետք է քննարկումների արդյունքում գտնել դրանցից ամենառացիոնալը:
«Մեր խնդիրը ոչ թե սահմանադրական փոփոխություններ անելն է, այլ հասնելն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք պատրաստ ենք բոլոր տարբերակները քննարկել: Մենք պատրաստ ենք նաև կառուցողական բանակցությունների: Պետք է հասնենք ամենառացիոնալ տարբերակին: Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող տեղի չունենալ, և ժողովրդի պահանջն է, որ դրանք տեղի ունենան հնարավորինս ամենակարճ ժամկետում»,- շեշտեց ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Փաշինյանը նշեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին երկրում տիրող իրական պատկերը:
«Հույս ունեմ, որ Երևանի ավագանու ընտրությունները որոշակի պարզաբանում մտցրեցին քաղաքական իրավիճակում, որովհետև երբ դրանից առաջ նայում էինք մեր մամուլի վերլուծությունները, գիտեք՝ ինչ տպավորություն էր, բայց ընտրությունները ուրիշ պատկեր ցույց տվեցին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: