Հայաստանի և Կամբոջայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պրակ Սոկհոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն արդունավետ կիրառելու և համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու ուղղությամբ: Այս առումով կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը:
Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի համար Ֆրանկոֆոնիան լավ հարթակ է Հարավային Ասիայի տարածաշրջանում համագործակցության ուղիների բացահայտման առումով: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգը և նախատեսվող հարակից միջոցառումները:
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Պրակ Սոկհոնը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր: