Հայաստանում գրանցվել է մալարիայի հինգ դեպք
Հայաստանում այս տարի գրանցվել է մալարիայով հիվանդության թվով հինգ դեպք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
«Վարակվածների մեծ մասը Աֆրիկայի մայրցամաքի քաղաքացիներ են, և սա մալարիայի այն տեսակն է, որը Հայաստանի մոծակները չեն փոխանցում։ Այս առումով անհանգստանալու կարիք չկա։ Վարակվածները հիմնականում գիտեն, թե ինչ հիվանդության հետ գործ ունեն, և հենց առաջին ախտանշաների դեպքում, որն արտահայտվում է պարբերաբար ընթացող տենդային նոպայով, դիմում են բժշկի»,- ասաց Լ. Պարոնյանը։
Նրա խոսքով՝ 2006 թվականից Հայաստանում տարեկան գրանցվում է մալարիայի մեկ-երկու դեպք, որոնք հիմնականում գալիս են Աֆրիկայից։
Մալարիան տարափոխիկ հիվանդություն է, այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, այլ մոծակի խայթոցի հետևանքով։ Հայաստանում 1963-94 թվականներին մալարիայի տեղական դեպքեր չեն գրանցվել։ 1994 թվականից սկսած՝ Արցախի պատերազմի հետ կապված, սահմանում մալարիայի դեպքեր են գրանցվել, սակայն լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն վերացվել է։
Զվարթ Խաչատրյան