Խարդախները կրկնակի հաճախ են iPhone-ի վաճառքի կեղծ կայքեր ստեղծում, քան մեկ տարի առաջ. Group-IB
Apple ընկերության արտադրանքի վաճառքի համար խարդախ եւ ֆիշինգային կայքերի թվաքանակը, որոնք ստեղծվել են iPhone-ի նոր մոդելների ռելիզից հետո, կրկնակի ավելացել է 2017 թվականի սեպտեմբերի համեմատությամբ եւ կազմել ավելի քան 800 ռեսուրս:
Այս տվյալները ներկայացրել է կիբեռհանցագործությունների կանխմամբ եւ հետաքննությամբ զբաղվող Group-IB ընկերությունը։Apple կորպորացիան նորույթներ է ներկայացրել սեպտեմբերի 12-ին: Apple-ի պաշտոնական ինտերնետ-խանութում սեպտեմբերի 28-ից կարելի է գնել արծաթագույն, «գորշ տիեզերք» գույնի եւ նոր ոսկեգույն երանգով iPhone XS եւ XS Max՝ 64 գիգաբայթ, 256 գիգաբայթ եւ 512 գիգաբայթ հիշողությամբ:
Վերջին երեք ամսվա ընթացքում Group-IB-ի փորձագետները հայտնաբերել են ավելի քան 5 հազար դոմեն, որոնք ստեղծվել են iPhone-ի վաճառքների համար, ընդ որում՝ դրանց մի մասը խարդախերի կողմից օգտագործվում է ֆիշինգի, օգտատերերի բանկային քարտերի եւ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության հափշտակման համար: Group-IB-ի մասնագետների գնահատումներով՝ խարդախ կայքերի թոփ-20-ի պոտենցիալ հասույթը կարող է կազմել մոտավորապես 500 հազար դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: