Բաժիններ՝

«Նանսենի» այգում 14-ամյա տղայի դանակարության դեպքը բացահայտվել է. քննչական կոմիտեն մանրամասնում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները:

2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:05-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 14-ամյա բնակիչ Հովհաննես Սարկիսյանը, որտեղ վերջինս հայտնել է, որ թիվ 106 դպրոցի մոտ ծանոթ անձն իրեն դանակով հարվածել է:

Փաստի առթիվ 26.09.2018թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածի «Նանսենի» անվան այգու տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 21.01.2004 թ. ծնված անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով հարվածել է կրծքավանդակի հատվածին՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելով հասակակից Հովհաննես Սարկիսյանին:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի հանգամանքները: 26.09.2018 թվականին առերևության հանցագործություն կատարած անձը ներկայացել է ոստիկանություն: Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Առերևույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս