Վեճերի բացակայության դեպքում ամուսնալուծության գործերը դատարան չեն մտնի

Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ «Ընտանեկան օրենսգիրքը» հնարավորություն է տալիս անձանց ամուսնալուծվել միայն ՔԿԱԳ մարմնում, այլև դատարանում մեկ ամսում:

«Դատավորը պարտավոր է մեկ ամսում կազմակերպել ամուսնալուծությունը: Այսինքն՝ դատարանն արդարադատությունը չի իրականացնում, սակայն ծանրաբեռնվում է»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամուսնալուծության գործերով դատական միջամտության անհրաժեշտությունն առաջանում է հիմնականում ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում, այսինքն՝ երբ առկա է այդ ամուսնու շահերի հաշվառման և ընտանիքի պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն՝ առաջարկում են սահմանել, որ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության հիմքով ամուսնալուծությունը դատական կարգով կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ ներկայացվել է որևէ պահանջ՝ երեխայի խնամքի, ալիմենտի, համատեղ գույքի բաժանման մասին և այլն:

Նման պահանջների բացակայության դեպքում ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայությունը հիմք է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու համար:

«Միայն այդ դեպքում թող դատարանը քննի ամուսնալուծության դեպքը: Մնացած դեպքերում ամուսնալուծությունը կազմակերպել ՔԿԱԳ-ում»,- առաջարկեց Ա.Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս