Չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու. ՀՀ վարչապետը կոչ արեց մասնակցել քվեարկությանը
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն, և ժողովրդի ձայնը արձանագրվելու է: Այս մասին քվեարկելուց հետո ֆեյսբուքի էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`մաղթելով բոլորին հաջող քվեարկություն: «Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան քվեարկությանը, որովհետև չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու»,-նշել է Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, որ մայրաքաղաքի բնակիչներն , ովքեր ունեն քվեարկելու իրավունք Երևանի քաղաքապետի ընտրություններում, պահի պատասխանատվությունը և լրջությունը կարձանագրեն և կգնան ընտրատեղամասեր` քվեարկելու:
«Հիմա մեկնում եմ Նյու Յորք, ապա մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին և միայն շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երևան: Կոչ եմ անում, որ բոլորը գնան քվեարկության և իրենց ընտրությունը կատարեն, որովհետև սա շատ կարևոր և պատասխանատու պահ է, և ընդհանրապես բոլոր ընտրություններն էլ կարևոր և պատասխանատու են, և բոլոր ընտրությունների արդյունքները ձևավորվելու են ձեր քվեարկության արդյունքով»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ընտրությունների ընթացքի և ձայների հաշվառման ողջ ընթացքում լինելու է օդում:
«Հույս եմ դնում ձեզ վրա, որ ամեն ինչ կարգին կլինի, ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի` հանգիստ, հանդարտ մթնոլորտում` իրար ժպտալով, հարգալից, իրար իրավունքների նկատմամբ մեծ գիտակցությամբ»,-ուղիղ եթերի ընթացքում ընդգծեց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությանը մասնակցեց 8/16 ընտրատեղամասում: