ԵՄ միգրացիոն ճգնաժամը բևեռացրել է Եվրոպան
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում չորեքշաբթի օրը կայանալիք ԵՄ գագթնաժողովի նախօրեին՝ ապագայի Եվրոպայի և սահմանային անվտանգության շուրջ Բրյուսելի կողմից առաջարկվող աջակցությունը խորքային տարաձայնություններ է առաջացրել: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Իսպանիայի փրկարար ծառայության աշխատակցիներին շաբաթ օրը հաջողվել էր փրկել երկրի ջրային սահմանը նավակով ապօրինի հատած վաթսուն ներգաղթյալների կյանքը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարի Իսպանիա ժամանած ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի: Եվրամիության տարածք ապօրինի մուտք գործող ներգաղթյալների կեսից ավելին ընտրում են այս նույն ճանապարհը:
Թեև վերջին 12 ամիսներին Եվրամիություն մուտք գործած ներգաղթյալների հոսքը կտրուկ նվազել է, ներկայումս մոտ 40 տոկոսով, միգրացիոն խնդիրները շարունակում են գտնվել ԵՄ երկրների քաղաքական բանավեճերի կենտրոնում:
Նախքան Զալցբուրգում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովը Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դաշինքի անդամ երկնրներին կոչ էր արել ընդլայնել Frontex սահմանների պահպանության գործակալության գործառույթները:
«Եվրամիության անդամ երկրները, որոնք սահմանակից են ոչ ԵՄ անդամ պետությունների հետ՝ արտաքին սահմանների պաշտպանության հարցում ունեն մեր համերաշխության և աջակցության կարիքը: Բայց նրանք նաեւ պետք է պատրաստ լինեն ընդունել Եվրամիության աջակցությունն ու օգնությունը», – հայտարարել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Ավստրիայի կանցլերի այս ուղերձը մասնավորապես միտված էր Իտալիայի և Հունգարիայի կառավարությանը, քանի որ հատկապես այս երկու պետություններն էին նախկինում բազմիցս քննադատել Եվրամիությանը միգրացիոն ճգնաժամի համար:
Հունգարիայի վարչապետը երկուշաբթի օրը հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ:
«Մենք Բրյուսելից և միջազգային ցանկացած այլ կառույցից ավելի լավ ենք հսկում մեր սահմանները: Հետևաբար, մենք այդ իրավունքը չենք տա որևե մեկին», – հայտարարել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նշենք, որ միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, թե՛աջ, և թե՛ ձախ քաղաքական ուժերի շրջանում խորը անջրպետ է առաջացրել:
«Գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի որպես ճակատամարտ, որի մի կողմում`բաց սահմանների ջատագով առաջադիմականներն են, ովքեր ցանկանում են շարունակել աջակցել ապաստան հայցողներին, իսկ մյուս կողմում` պոպուլիստներն են, ովքեր ցանկանում են ամրոցի պես ամուր պահել Եվրոպայի սահմանները: Բայց ի վերջո` բաժանարարը այդքան էլ հստակ չէ», – գտնում է «Բաց Եվրոպա» խմբավորման վերլուծաբան Լեոպոլդ Թրաուգոտը:
Լոնդոնյան վերլուծաբանները վստահ են, որ Զալցբուրգում կքննարկվի նաև Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու հարցը, քանի որ Brexit-ին մնացել է ընդամենը վեց ամիս: Փորձագետները վտսահ են, որ այդ քննարկումներում Բրյուսելը անպայման կօգտագործի իր ունեցած բոլոր լծակները Լոնդոնի վրա ճնշումները մեծացնելու համար:
Արժույթի միջազգային հիմնադրամը երկուշաբթի օրը զգուշացրել է, որ Թերեզա Մեյի կողմից առաջարկված այլընտրանքային տարբերակի մերժման և գործարքի չեղարկման պարագայում Մեծ Բրիտանիայի տնտեսությանը մեծ վնասներ կկրի: