ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Դեռ մինչեւ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել նրանց հետ:

Այսօրվա հանդիպմանն ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին, ներկայացնել իրենց առաջարկությունները եւ մտահոգությունները: Նրանց մասնավորապես հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, կրթություն ստանալուց հետո մարզերից եկած երիտասարդների համար իրենց բնակավայրերում աշխատելու հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաեւ գիտական հարթակների ձեւավորմանը, կրթական համակարգին եւ գիտության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը շատ էական է համարել, որպեսզի ուսանողները կարողանան գտնել այն մասնագիտությունը, այն ուղղությունը, որտեղ իրենք կարող են լինել լավագույնը: Խոսելով կրթական համակարգի դերի մասին՝ նա մասնավորապես նշել է, որ համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը եւ օգնի նրանց ճիշտ ճանապարհ ընտրել:

Նախագահը խոսել է նաեւ մշակութային ժառանգության, ազգային արժեքների պահպանության ու ազգային ինքնությանը վերաբերող հարցերի մասին, դրանց վերաբերյալ լսել երիտասարդների մոտեցումները:

Տեսանյութեր

Լրահոս