Բաղանիս գյուղում իրավիճակը հանգիստ է. գյուղացիները հանդիպել են նախարարի հետ
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Իրավիճակը հանգիստ է, գյուղը բնականոն կերպով շարունակում է իր կենցաղավարությունը: Ժամեր առաջ մեզ մոտ է եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Քննարկել ենք կառավարության աջակցության ծրագրերը, թե ինչպես գյուղացիները օգտվեն դրանցից»,- ասաց Նարեկ Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ գյուղնախարարի հետ հանդիպմանը գյուղացիները բարձրացրել են վառելափայտի գների վերանայման հարցը:
Վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ: