Տիգրան Ավինյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանին, մասնակցել գինու փառատոնին

Սեպտեմբերի 15-16-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում:

Պատվիրակության այցը մեկնարկել է Տող գյուղի գինու փառատոն այցելությամբ, որտեղ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ նախարարների ուղեկցությամբ կառավարության ներկայացուցիչները շրջել են տաղավարներով, ծանոթացել գինեգործական արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքին:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և ԱՀ պետնախարարի պաշտոնական հանդիպումը ընդլայնված կազմով: Կողմերը քննարկել են ներդրումների, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, համագործակցությունն ավելի սերտ և արդյունավետ դարձնելու մեխանիզմները: Քննարկվել է միջպետական ճանապարհների բարեկարգման, վերականգնվող էներգետիկային, տարածքային կառավարման ոլորտի բարեփոխումներին, միջազգային ցուցահանդեսներին Արցախի մասնակցության, մտավոր սեփականության պաշտպանության ոլորտի և այլ հարցեր: Արցախի պետնախարարը շեշտել է, որ իրենց համար առաջնային է հատկապես փորձի փոխանակման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր հարցերը լուծելու ամենագործուն մեխանիզմները գտնելու ուղղությամբ քննարկումներ կիրականացվեն ու նաև շեշտել, որ երկու կառավարությունների միջև համագործակցությունը պիտի դառնա ավելի սերտ և արդյունավետ, քան երբևէ:

Այցի շրջանակներում հաջորդ հանդիպումը ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ էր: Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է տնտեսական և սոցիալական ոլորտներում Արցախի ունեցած ծրագրերը, քննարկվել է այդ ծրագրերում Հայաստանի կողմից հնարավոր աջակցության տրամադրման հարցը: Մասնավորապես՝ ներկայացվել են հանքարդյունաբերության, բնակարանաշինության, գյուղատնտեսության և հատկապես ձկնաբուծության, Արցախի տեսանելիության բարձրացման և զբոսաշրջության խթանման, Ֆրանկոֆոինիայի գագաթնաժողովի շրջանակներում համագործակցության, բնապահպանության և հատկապես անտառային տնտեսությանը վերաբերող հարցեր: Երկու կողմերը վերահաստատել են իրենց ցանկությունը հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու և համագործակցությունը սերտացնելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս