«Դժվար է ասել, թե երբ և ինչպես կվերանա անվստահությունը հայ-ռուսական հարաբերություններում»․ Մալաշենկո

«Մտավախություններ ունի ինչպես՝ Մոսկվան, այնպես էլ՝ Երևանը»,- 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դինամիկային։

Ալեքսեյ Մալաշենկոյի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո կանխատեսելի էր գործընկեր երկրների իշխանությունների միջև ստեղծվելիք խնդիրները, քանի որ Հայաստանում, որտեղ երկար ժամանակ իշխանություն չէր փոխվել, հեղափոխությամբ և տոտալ դժգոհության ֆոնին փոխվեց, ինչը խոստանում էր անկանխատեսելիություն երկրի արտաքին ու ներքին կյանքում։ Եվ այսօր, ըստ նրա, տեղի է ունենում այն, որ ՀՀ իշխանություններն արդարադատություն իրականացնելու ընթացքում հետապնդում են նախկին իշխանության ներկայացուցիչներին, ում հետ Ռուսաստանն արդյունավետորեն աշխատել է երկար ժամանակ։

Սա, Մալաշենկոյի գնահատմամբ՝ չի կարող մտահոգիչ չլինել Մոսկվայի համար։ Նրա կարծիքով, խնդրի ընդհանուր ձևակերպումը դա է՝ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն կա անկանխատեսելիություն այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քանի որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ ՀՀ իշխանությունների քայլերն ու գործողությունները հակասում են։

«Բնականաբար, անհանգստություն և մտավախություններ կան Մոսկվայում, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ անկայունացնում է իրադրությունը հենց Հայաստանում։ Այսինքն՝ սա է պաշտոնական մեկնաբանությունը։ Ակնհայտորեն մտահոգություններ կան Հայաստանում։ Պատահական չեն հաճախակի հանդիպումները, ՀՀ իշխանությունների մեկնաբանությունները, որ հարաբերությունները շատ լավ են, խնդիրներ չկան, Սիրիայում իրականացվելիք առաքելությունը ևս միտված է հարաբերություններում դրական մթնոլորտը վերականգնելուն։ Սակայն խնդիրներ կան, դրանք վերաբերում են ինչպես՝ ՀԱՊԿ-ին, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններին, ներքին զարգացումներին, որոնց վերաբերյալ կողմերն ակնհայտ տարաձայնություններ ունեն քրեական գործի վերաբերյալ, որը կապված է նախկին նախագահի ու պաշտպանության նախկին նախարարի հետ, քանի որ վերջինս ՌԴ քաղաքացի է։ Կարծում եմ՝ վերջին հանդիպումը չվերացրեց կողմերի բոլոր մտահոգությունները, և դժվար է ասել, թե երբ և ինչպես կերանա անվստահությունը հայ-ռուսական հարաբերություններում»,- ասաց Ալեքսեյ Մալաշենկոն։

Անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը՝ Մալաշենկոն ասաց, որ քաղաքական գործիչներն իրենք են որոշում զբաղվել քաղաքականությամբ, եթե դա նաև հասարակության հավանությանն է արժանանում։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն է որոշում Քոչարյանի ծրագրերի հաջողությունը։ Ռուսաստանը, Մալաշենկոյի հավաստմամբ, կարող է անձնական հարաբերություններ ունենալ նախկին իշխանությունների հետ, սակայն չի կարող միջամտել այդ գործիչների քաղաքական հեռանկարների հաջողությանը։

 

Տեսանյութեր

Լրահոս