Բաժիններ՝

Ատաղձագործի գործիքները

Մի անգամ ատաղձագործի գործիքները ժողով հրավիրեցին: Նրանք պահանջեցին, որ մուրճը հեռանար գործիքների տուփից, քանի որ շատ էր աղմկում:

Մուրճն ասաց.

– Եթե ես պետք է հեռանամ արհեստանոցից, ապա գայլիկոնը նույնպես պետք է հեռանա: Նա անկարևոր գործիք է և չնչին աշխատանք է կատարում, ընդամենն անցք է բացում:

Գայլիկոնը տեղից ելավ և ասաց.

– Լավ, եղբայրներ, միայն թե՝ այդ դեպքում պտուտակահանն էլ պետք է հեռանա: Նա միայն տեղում շարունակ պտույտ է տալիս և ուրիշ ոչինչ:

Պտուտակահանը չուշացրեց պատասխանն՝ ասելով.

– Կհեռանամ, եթե այդպես եք ցանկանում, բայց այդ դեպքում ռանդան էլ պետք է հեռանա: Նա լոկ մակերեսային աշխատանք է կատարում և չի խորանում իր գործողություններում:

Ռանդան անմիջապես վրա բերեց.

– Ինչ արած, թող այդպես լինի, միայն թե՝ սղոցն էլ պետք է հեռանա, քանի որ նա միայն կտրում և միմյանցից հեռացնում է:

Սղոցը բողոքեց՝ առարկելով

– Եթե ես հեռանամ, ապա քանոնն էլ պետք է հեռանա, քանի որ միշտ չափում է մյուսներին, ասես միայն ինքը գիտի, թե ով է ճիշտ և ով՝ սխալ:

Քանոնն ընդվզեց՝ ասելով.

– Հղկաթուղթն էլ թող հեռանա, նա ոչ մի բանի պիտանի չէ: Նա շատ կոպիտ է և միշտ տրորում ու խայթում է բոլորին:

Վեճի թեճ պահին ատաղձագործը եկավ արհեստանոց, և գործիքները ստիպված լռեցին:

Ատաղձագործ վարպետը մոտեցավ աշխատատեղին և անցավ իր առօրյա աշխատանքին: Նա պետք է սեղան պատրաստեր և բանեցրեց բոլոր գործիքները: Օրվա վերջում ավարտեց աշխատանքը և գնաց տուն: Գործիքները հասկացան, որ թեև միմյանց ուղղված դիտողությունները ճիշտ և տեղին էին, այնուամենայնիվ, վարպետը պիտանի էր համարել և օգտագործել էր իրենցից յուրաքանչյուրին: Նշանակություն չուներ, թե նա որ գործիքն էր ավելի շատ կամ քիչ գործածել, կարևորն այն էր, որ նրանցից յուրաքանչյուրն իր գործը շատ լավ էր կատարել, և որևէ այլ գործիք նրան չէր կարող փոխարինել:

Յուրաքանչյուր մարդ, ինչպես յուրաքանչյուր առարկա, ունի իր ուրույն դերն ու նշանակությունը: Ուստի, հարգենք և գնահատենք յուրաքանչյուր մարդու՝ առանց գերագնահատելու մեր անձը կամ թերագնահատելու, անտեսելու մյուսների արժանիքները:

Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս