«Շանթ-2018.» ԱԳՆ-ն մի շարք պայմանական փաստաթղթեր է մշակել
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում մի շարք պայմանական փաստաթղթեր է մշակել: ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մեր կողմից մշակվել և ներկայացվել է մի քանի փաստաթուղթ: Մասնավորապես, լրագրողների պարզեցված հավատարմագրման կարգ է ներմուծվել և պայմանական հրապարակվել: Հստակեցումներ են արվել ԱԳՆ ներսի և արտաքին մեր դիվանագիտական ներկայացուցչությունների տարբեր ստորաբաժանումների մասով: Կոնկրետ հանձնարարականներ են գրվել, որոնք պայմանականորեն ուղարկվել են դեսպանություններին: Դեսպաններն իրենց հերթին դրանցով աշխատել և տեղայնացրել են: Նախարարը պայմանական հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, որտեղ ներկայացրել է ծավալվող իրադարձությունները և մեր գործողությունները: Հայտարարություններ են մշակվել պայմանական հակառակորդի կողմից Հայաստանին պատերազմ հայտարարելու որոշման վերաբերյալ»,- ասաց Բալայանը:
Նախարարությունում հայտարարություններ ու նախագծեր են պատրաստվել նաև տեսական զարգացումների վերաբերյալ:
«Մշակվել է արձագանքի նախագիծ` Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացից Ադրբեջանի դուրս գալու վերաբերյալ»,- նշեց Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով` արտաքին գործերի նախարարությունն այս ընթացքում նաև ոչ պայմանական գործողություններ է իրականացրել:
«Մենք իրական մի քանի գործողություններ ենք իրականացրել` տեղեկացնելու մեր գործընկեր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որ այն, ինչ կատարվում է մեզ մոտ «Շանթ-2018» խորագրով, այդ ամենը զուտ պայմանական է և որևէ կապ չունի իրական գործողությունների հետ»,- նշեց նա:
Սա փաստաթղթերի այն փոքր մասն է, որոնք այս օրերին 24-ժամյա ռեժիմով մշակվել են Արտաքին գործերի նախարարությունում:
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: