«Չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից». Նիկոլ Փաշինյան

«Իհարկե, ես բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացի մեջ և ասել եմ, որ ես իրավասու եմ համարում ինձ բանակցել ՀՀ անունից, որովհետև ՀՀ վարչապետն եմ, և իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև Արցախի Հանրապետության նախագահը չեմ և վարչապետը չեմ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ՀՀ վարչապետն ասում է, պետք է Արցախը բանակցությունների կողմ լինի, և բանակցությունների խոչընդոտի պատասխանատվությունն ընկնում է ՀՀ վարչապետի վրա:

Ն.Փաշինյանն արձանագրեց, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում ՀՀ-ում իշխանության ձևավորմանը, որովհետև նրանք ունեն իրենց վարչապետը, ԱԺ-ն, նախագահը, որն իրավասու է բանակցել Արցախի անունից:

Ըստ նրա՝ ասվածի մեջ ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետև ԵԱՀԿ ՄԽ երկրների համանախագահների հայտարարությունում նաև Արցախի վերջնական կարգավիճակի առումով ընդգծվում է Արցախի ժողովրդի կամարտահայտման անունը, և այդպիսով արձանագրված է Արցախի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքը.

«Մենք շատ պարզ հարց ենք դնում ՝ բանակցում ենք բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար: Եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպե՞ս ենք պատկերացնում հարցի լուծումն առանց հակամարտության կողմի: Եթե բանակցում ենք բանակցելու համար, մենք պատրաստ ենք նաև այդպիսի ֆորմատով բանակցել, բայց քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է` մենք դեռ չենք մոտեցել հարցի կարգավորմանը»:

Ն.Փաշինյանը նշեց, որ գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով: Նա վերահաստատեց բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունը.

«Չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից»:

Տեսանյութեր

Լրահոս