«Սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով». Արա Բաբլոյան
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահԱրա Բաբլոյանը՝ ԱԺ-ում պատասխանելով ԱԺ-ն ինքնալուծարվելու սահմանադրական հնարավորություն ստեղծելու վարչապետի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցերին։
«Նախևառաջ դեռ մենք չենք ստացել առաջարկություն, ստանալուց հետո կքննարկենք: Դա քաղաքական գործընթաց է և քննարկման, կոնսենսուսի արդյունք կարող է լինել, այսինքն՝ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն: Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք», – նշեց Ա.Բաբլոյանը:
ԱԺ նախագահը նաև ձեռնպահ մնաց ԱԺ արտահերթ ընտրությունների հստակ ժամկետներ նշելուց:
«Ճիշտն ասած, չեմ կարող նշել հստակ ժամկետ, որովհետև, դուք գիտեք, որ մենք ԱԺ-ում ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խումբ, որը աշխատում է օրենսդրության փոփոխությունների վրա: Այս աշխատանքները դեռ չեն ավարտվել», – ասաց ԱԺ նախագահը: