«Սա դիվերսիա է, ահաբեկչություն. կրոնական կառույցի կողմից ոտնահարվում են երեխայի իրավունքները». Ալեքսանդր Ամարյանը՝ Ելփինի դեպքերի մասին

«Աղանդավորների պատճառով երեխաների կրթություն ստանալու իրավունքն է ոտնահարվում, և միանշանակ կառավարությունը պետք է գործի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի երկրորդ մասով և արգելի այնտեղ աղանդավորների մուտքը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի դեպքերին։

Ելփին գյուղում ծնողները երեխաներին արգելում են դպրոց գնալ, քանի որ, ինչպես իրենք են նշում՝ գյուղ ներթափանցած աղանդավորները քարոզչություն են իրականացնում դպրոցում։

Ամարյանի խոսքով՝ նախ դպրոցի տնօրենը պետք է հեռացվի, որը թույլ է տվել, որ իր դպրոցում նման իրավիճակ ստեղծվի. «Եթե ժողովուրդն ասում է, որ դպրոցի տարածքում քարոզչություն է իրականացվում, ապա տնօրենը չի կարող ասել, որ դա չի եղել։ Պետք է քննություն կատարվի, ծնողներից համապատասխան բացատրություն վերցնելուց հետո քայլեր արվեն տնօրենի և աշխատակիցների նկատմամբ»։

Ըստ մեր զրուցակցի՝ այստեղ ոչ թե հոգեորսության, այլ հասարակության անվտանգության հարցն է. «Երեխաների իրավունքներն են ոտնահարվում։ Երեխաները դասի չեն գնում ի՞նչ պատճառով, միայն ուսուցիչների քարոզչությունը չէ, որ նրանք դպրոց չեն գնում, ուրիշ խնդիրներ կան, պետք է այդ խնդիրները պարզել։ Ե՛վ ԿԳՆ-ն, և՛ ՏԿՆ-ն պետք է գործողություններ անեն՝ պարզելու, թե ինչն է պատճառը։ Այդ պատճառը ճշտելուց հետո պետք է համապատասխան քայլեր անեն, և ինչպես նշեցի՝ առաջինը տնօրենի գործունեությունը պետք է կասեցվի։

Սովետի ժամանակ նման բանի դեպքում շատ մարդկանց գլուխ կթռչեր, որովհետև սա համարվում էր սաբոտաժ, որը քրեորեն հետապնդվող արարք էր։ Սա կարելի է համարել դիվերսիա. մենք ահաբեկչություն դրսում ենք ման գալիս, բայց ներսում լիքը ունենք։ Այդ ո՞վ եղան, որ երեխաներին այն վիճակին հասցնեն, որ նրանք դասի չգնան։ Սա հասարակության անվտանգության հարց է։ Սրա տակ գրանտներ չկան, դրա համար ոչ մի իրավապաշտպան ձայն չի հանում, որովհետև դա հակասելու է իրենց ասածներին ու արածներին։ Կրոնական կառույցի կողմից ոտնահարվում են երեխայի իրավունքները, պետք է սահմանափակել նրանց գործունեությունը»։

Ելփինի դպրոցի ծնողները նշում են, որ դպրոցի ուսուցիչները քարոզչություն են իրականացնում դպրոցում։ Ուսուցիչներից Քնարիկ Ավագյանն ասում է, որ ավետարանչական եկեղեցու հետևորդ է, բայց երբևէ քարոզ չի փորձել իրականացնել, մինչդեռ ծնողները հակառակն են պնդում։ Դպրոցի տնօրենն էլ նշում է, թե դպրոց մտնելու փորձ եղել է, սակայն կանխվել է, գրականությունն էլ իր մոտ է, արգելել է բաժանել դպրոցում։ Խնդիրը դեռ լուծում չի ստանում, ծնողներն արգելում են երեխաներին մտնել դպրոց, պահանջում են դպրոցից հեռացնել աղանդավոր ուսուցիչներին՝ հակառակ դեպքում երեխաներին կտանեն կողքի գյուղերի դպրոցներ։

Տեսանյութեր

Լրահոս