Բաժիններ՝

Կանադական Տորոնտոյում մեկնարկում է 43-րդ Միջազգային կինոփառատոնը

Կանադայի Տորոնտո քաղաքում սեպտեմբերի 6-ին մեկնարկում է 43-րդ Միջազգային կինոփառատոնը (Toronto International Film Festival, TIFF): Ինչպես հայտնել են կազմակերպիչները, ընդամենը 11 օրվա ընթացքում հանդիսատեսները կդիտեն աշխարհի 83 երկրների ռեժիսորների կողմից նկարահանված 342 ֆիլմ,։

Ավանդաբար հանրության առավել մեծ ուշադրությունը բեւեռված է «Գալա-ծրագրին» եւ «Հատուկ ծրագրին», որոնցում ներկայացված ֆիլմերը սովորաբար դառնում են կինոփառատոնի հաղթողներ, իսկ հետագայում «Օսկար» ամենահեղինակավոր կինոմրցանակի հավակնորդներ: Այս տարի Տորոնտոյում առաջին սեկցիայում կցուցադրեն 17 ֆիլմ, իսկ երկրորդում՝ 30, այդ թվում՝ 21 համաշխարհային պրեմիերաներ, յոթ միջազգային, ութ հյուսիսամերիկյան եւ 11 կանադական պրեմիերաներ:

Փառատոնը կբացի Դեւիդ Մաքքենզիի «Թագավորն օրենքից դուրս» պատմական դրամայի համաշխարհային պրեմիերան՝ Քրիս Փայենի մասնակցությամբ, որը պատմում է Անգլիայից անկախության համար պայքարող շոտլանդական միապետի մասին: Կինոստուգատեսը կավարտվի սեպտեմբերի 16-ին կանադացի ռեժիսոր Ջասթին Քելլիի «Ջերեմայա Թերմինատոր ԼեՌոյ» ժապավենի համաշխարհային պրեմիերայով՝ գլխավոր դերում Քրիսթեն Սթյուարթի մասնակցությամբ:

Ժապավենը պատմում է անսովոր կեղծանվամբ աշխատող կին գրողի մասին: Ընդամենն այս տարի Տորոնտոյում հանրությանը կներկայացվեն 255 լիամետրաժ եւ 88 կարճամետրաժ ֆիլմեր: Տորոնտոյի կինոփառատոնն անցկացվում է 1976 թվականից եւ խոշորագույններից մեկն է աշխարհում:

Ի տարբերություն մյուս կինոփառատոների, TIFF-ում չկա պաշտոնական ժյուրի, իսկ գլխավոր մրցանակը «Հանդիսատեսների համակրանքների մրցանակն է», որը շնորհվում է հանդիսատեսների քվեարկության արդյունքներով:

Վերջին տարիներին կանադական կինոստուգատեսի հեղինակությունն անշեղորեն աճում է, եւ նա արդեն լրջորեն մրցակցում է Վենետիկի կինոփառատոնի հետ, որն անցկացվում է մոտավորապես նույն ժամանակահատվածում (2018 թվականին՝ օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը):

Կինոինդուստրիայի փորձագետների կարծիքով, հենց TIFF-ից հետո է սկսվում այն ֆիլմերի թեժ քննարկումը, որոնք հավակնում են «Օսկար» մրցանակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս