«ՀՀ քաղաքացին համակցությամբ դատապարտվելու է. իրավաբանորեն դա բացատրեք, և ես կողմ կքվեարկեմ». Արփինե Հովհաննիսյան

«Իրականում, երբ մտքեր են հնչում, որ սա ռադիկալ քրեականացման նախագիծ է, ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև քրեականացված արարքներ եղել են, և հիմա, այո, մենք խստացնում ենք ընտրակեղծարարության առանձին դեպքերի համար քրեական պատասխանատվությունը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

ԱԺ պատգամավորները մտահոգված են ԱԺ քննարկմանը ներկայացված ՀՀ Քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթում առաջարկվող փոփոխություններից։

Արփինե Հովհաննիսյանը ևս ներկայացրեց իր մտահոգությունները՝ նշելով, որ իր քվեարկությունը պայմանավորելու է իր հարցադրումներին պատշաճ լուծում տալու հանգամանքով։ «3 հիմնական հարցադրում ունեմ՝ առաջինը վերաբերում է ընտրակաշառք վերցնելուն։ Այն, որ ընտրակաշառք ստանալը  քրեորեն պատժելի է, վաղուց կա, և դա նորմալ է։ Այն, որ ընտրակաշառք պահանջելը քրորեն պատժելի է, դա էլ վաղուց կա։ Կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը պետք է դուրս գա նախագծից։ Թեև մենք մի շարք կոնվենցիաների անդամ ենք, առևտրային կաշառքի մասով կա նման ձևակերպում, բայց լայն զանգվածներին այն հայտնի չէ։

Ոչ ոք այսօր չգիտի՝ Քննչական կոմիտեն, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն ինչպես են մեկնաբանելու խոստումն ընդունելու եզրույթը։ Ինչպե՞ս է դրսևորվելու խոստումն ընդունելը։ Մեր կարծիքը՝ որն է խոստում ընդունելը, որը՝ ոչ, կարևոր չէ, կարևորն այն է, թե իրավաբանորեն որքան հստակ է այն ձևակերպված, և կիրառող մարմինն ինչ է հասկանալու դրա տակ։ Կաշառք ստանալը հստակ է, պահանջելն էլ կարող է հստակության աստիճան ունենալ, կաշառք տալն էլ է հստակ, բայց խոստումը կամ առաջարկն ընդունելն ինչպե՞ս է դրսևորվելու։ Իրավաբանորեն դա բացատրեք, և ես կողմ կքվեարկեմ»։

Կարդացեք նաև

ԱԺ փոխնախագահի երկրորդ մտահոգությունը հետևյալն է. «Նախագծում նշված է՝ տրված խոստման հիման վրա քվեարկության գաղտնիությունը՝ քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի կամ այլ առարկայի հրապարակման միջոցով խախտելը։ Ո՞ւմ է տրված խոստումը, ե՞րբ է տրված խոստումը, ինչի՞ մասին է այդ խոստումը։ Շահադիտական նպատակները կան՝ գումար է տվել, դրա հիման վրա քվեաթերթիկը նկարել ու գցել է Ֆեյսբուք։ Եթե շահադիտական նպատակները բացահայտվել են, ապա քաղաքացին երկու հանցագործության հիման վրա է դատապարտվելու՝ կաշառք ստանալու և դա հրապարակելու համար, համակցությամբ է դատապարտվելու ՀՀ քաղաքացին։ Բայց կբացատրե՞ք՝ ինչի՞ մասին է խոստում տվել։ Այս ձևակերպումն իրավական որոշակիության տեսանկյունից խիստ խնդրահարույց է»։

Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակի խնդիր կա, և մյուս առաջարկները գրավոր կներկայացնի։ «Ես կողմնակից եմ նախագծի քրեականացման խստացման դրույթներին, բայց այս և ևս երկու այլ դրույթի առկայությունը նախագծում մեծապես ստվերում է նախագծի դրական կողմերը և նախագիծը դարձնում պրոբլեմատիկ ՀՀ քաղաքացիների համար»։

Տեսանյութեր

Լրահոս