Թուրքիայում սկսվել են տեղական արտադրության T-625 ուղղաթիռի փորձարկումները
Թուրքիայում հաջողությամբ իրականացվել են տեղական արտադրության «T-625» ընդհանուր նշանակության ուղղաթիռի շարժիչի առաջին փորձարկումները։ Ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը նախատեսված է 2018թ․ սեպտեմբերի 6-ին։
Նախագիծն իրականացնում է Թուրքայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը (TUSAŞ)՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարությամբ։
«T-625» ուղղաթիռի առաջին օրինակն արդեն պատրաստ է, ներկայումս ընթանում են զանազան թեստավորման աշխատանքներ։ Ուղղաթիռի կարևորագույն համակարգերը նախագծվել և արտադրվել են բացառապես տեղական միջոցներով։
Ուղղաթիռը նախատեսված է ամենաբարդ եղանակային և աշխարհագրական պայմաններում, մեծ բարձրություններում և բարձր ջերմաստիճանի պայմաններում ցերեկային և գիշերայի թռիչքներ իրականացնելու համար։ Այն կարող է օգտագործվել բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, մասնավոր թռիչքների, շտապ օգնության կամ որոնողական–փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով։
Ուղղաթիռի տեխնիկական բնութագրերը՝
Երկարությունը՝ 15․87 մետր
Անձնակազմի քանակը՝ 2
Ուղևորների թիվը՝ 12
Ստանդարտ վառելիքի բաք՝ 1020 կգ
Վառելիքի հավելյալ բաք՝ 280 կգ
Բեռնախցիկ՝ 1․1 մ3
Թռիչքի առավելագույն արագությունը՝ 306 կմ /ժամ
Թռիչքի հեռավորությունը՝ 740կմ/948կմ (վառելիքի հավելյալ բաք օգտագործելու դեպքում)
Թռիչքի առավելագույն տևողությունը՝ շուրջ 3․8 ժամ։