Շողակաթ համայնքում բացվեց հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված Վաչե Չիլինգարյանի կիսանդրին
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն գյուղի կենտրոնում, Արցախյան ազատամարտի եւ Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերում զոհվածների հուշարձանի կողքին բացվեց 2018 թվականի հունվարի 7-ին Արցախի պաշտպանական դիրքերում զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանի կիսանդրին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Շողակաթի միջնակարգ դպրոցի ռազմագիտության կաբինետը եւս այսուհետեւ կրելու է Վաչե Չիլինգարյանի անունը: Կիսանդրու եւ ռազմագիտության կաբինետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, Ապրիլյան քառօրյա հերոսամարտերում զոհված զինծառայողների ծնողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, համայնքների ղեկավարներ, մանկավարժներ, Վաչե Չիլինգարյանի ծնողները եւ հարազատները: «Վաչեն այս սեպտեմբերի 1-ին կդառնար 20 տարեկան:
Նա շատ յուրօրինակ, ինքնատիպ երեխա էր, շփվում էր բացառապես բոլորի հետ, 3-4 տարեկանից գյուղում բոլորին անուններով գիտեր, եւ իրեն էլ գիտեին: Սուր լեզու ուներ, ամեն ինչ նկատում էր եւ անմիջապես էլ բարձրաձայն ասում: Բոլորն են հիշում, թե ինչպես էր երգում ՝ գլուխը բարձր, խրոխտ, հոնքերը կիտած: Վաչեն չգիտեր՝ ինչ է ծուլությունը, ինչ է կեղծավորությունը: Եվ ինչքա՜ն կրակ կար նրա մեջ, ինչպե՜ս էր սիրում կյանքը, ինչպիսի՜ նպատակներ ուներ… 2016 թվականին ավարտեց դպրոցը, իսկ մեկ տարի անց՝ 2017 թվականի հունվարի 23-ին, զորակոչվեց բանակ: Անհամբերությամբ էր սպասել այդ օրվան եւ շատ էր ուզում, որ հենց Արցախում ծառայի: Երբ դասընկերներն արդեն զորակոչվել էին, իսկ ինքը, դասարանի փոքրը լինելով, դեռ սպասում էր, նյարդայնանալու չափ անհամբեր էր: Հակառակ ծնողների վախին եւ մտահոգությանը՝ ծիծաղելով կրկնում էր, որ Արցախում է ծառայելու:
Նույնիսկ հումորով ասում էր. «Բա որ մի օր լուրերով լսեք՝ հանուն հայրենիքի քաջաբար զոհվել է զինծառայող Վաչե Չիլինգարյանը» եւ ծիծաղում էր բարձր, զրնգուն ՝ ի պատասխան մոր սարսափած հայացքի: Բոլոր ծառայակից ընկերները եւ հրամանատարները կվկայեն, թե որքան կարգապահ, հմուտ ու շրջահայաց զինվոր էր Վաչեն: Եվ չարագույժ այդ օրը, 2018 թվականի հունվարի 7-ին, թշնամու դավադիր գնդակը վերջ դրեց մեր աննման Վաչեի կյանքին»,-ներկայացրին Վաչեի ուսուցիչները: Վաչեն ետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:
Հուշակոթողը հեղինակել է Վրույր Թիզյանը: Այն պատրաստվել է Վաչեի հոր՝ Նվեր Չիլինգարյանի եւ մոր՝ Քրիստինե Մարգարյանի անձնական միջոցներով: Դպրոցի ռազմագիտության կաբինետը հիմնանորոգվել եւ ձեւավորվել է Շողակաթի միջնակարգ դպրոցի մանկավարժների միջոցներով: «Կիսանդրու տեղադրման վայրը կդառնա մի սրբազան ուխտատեղի, որտեղ երդվելու կգան մեր համայնքի բոլոր զորակոչիկները: Նա իր մահով եւս մեկ անգամ անմահացրեց հայրենիքի ազատության գաղափարը: Նրա փառքի ու գործի առջեւ հավերժորեն կխոնարհվեն ներկա ու գալիք սերունդները»,-նշեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը:
Խոսրով Խլղաթյան