«Մոսկվայի համար կարևոր է լսել, թե Հայաստանի ղեկավարն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ մոտ ժամանակներս պլանավորվող հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Մոտ ժամանակներս պլանավորվում է նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի եւս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ մեզ համար կարեւոր կլինի լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինքն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները: Իհարկե, մենք բնավ անտարբեր չենք, թե այս իրավիճակում ինչ տեսք ունեն Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք հարկավոր է կատարել ամբողջությամբ, այդ թվում՝ այն առումով, ինչը վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության վարքի ու հեղինակության ամրապնդմանը»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների առջեւ:

Ելույթի ժամանակ Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանում «եռացող» իրավիճակը:

«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, մասնավորապես՝ հետաքննվում են 10-ամյա վաղեմության դեպքեր, կատարվում են ձերբակալություններ: Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց ցանկանում ենք, որ այդ ներքին գործերն ամուր հիմնվեն օրենքի ու Սահմանադրության վրա ու հնարավորինս արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարարական խնդիրների վրա»,-ասել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս