Բաժիններ՝

«Առկա է հեղափոխությունը արժեզրկելու ռիսկ». ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը ֆեյսբուքի իր էջում ուշագրավ գրառում է արել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ Նշենք, որ Բրուտյանը հատուկ ընդգծել է՝ գրառումը իր անձնական կարծիքն է։

* * *

Փոքրամասնության շահը պետք է ստորադասվի մեծամասնության շահին

Հեղափոխության շարժառիթների և դրա համար հիմք հանդիսացած հասարակական դժգոհությունների նշանակալի պատճառներից է եղել հանրային կառավարման համակարգի գործունեությունը և հանրային ծառայությունների ցածր որակը.

1. Իշխանության և քաղաքացիների խզում՝ պետության օտարում հանրությունից. իշխանության մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) նպատակների (իրական կամ թաքնված) և իրականացվող գործողությունների ու պետության, հասարակության և ազգային շահի միջև խզումը և փոխադարձ անվստահությունը: Հանրային թյուր ընկալում՝ «պետությունը պարտավոր է, բայց պետության կողմից հարկադրանքի որևէ միջոցն անթույլատրելի է»: Քաղաքացու դժգոհության առարկան հաճախ ոչ թե երևույթն է, այլ այդ երևույթի մեջ իր չլինելը:

Եզրահանգում. իշխանության մարմինները և պաշտոնատար անձիք առանձին դեպքերում (հիմնականում) համարժեք և կարողունակ (կոմպետենտ) չեն: Ակնհայտ չէ ՀՀ կառավարության, և մասնավորապես առանձին կառավարման մարմինների գործունեության և դրա արդյուքների իրապես փոփոխված և հասցեական` ՀՀ քաղաքացուն ուղղված լինելը:

2. Զուգահեռ իրականություններ և բացառություններ. Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կառավարման համակարգերին զուգահեռ գործում են այլ համակարգեր՝ արտաբյուջեներ, հիմնադրամներ, տարբեր կազմակերպաիրավական տեսակների ԾԻԳ-եր (ծրագրերի իրականացման գրասենյակներ (կազմակերպություններ)), ՊՈԱԿ-ներ (պետական ոչ առևտրային կազմակերպություններ), ՓԲԸ-ներ (պետական նշանակալի մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ) և այլն:

Եզրահանգում. Տարատեսակ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությամբ գրեթե բոլոր համակարգերում առկա են ընդհանուր կանոններից տարբերվող բացառություններ, որոնք, հաճախ իրենց մանդատով գերազանցում են օրինաչափությանը:

3. Կանոնակարգային խնդիրներ և վարչարարություն. կարգավորումների բացակայության, թերի, ձևական կամ անհարկի բարդ լինելու հետևանքով ըստ հայեցողության վարչարարություն իրականացնելը:

Եզրահանգում. առանձին դեպքերում կարգավորումները անտեղի և անիմաստ են, ինչպես նաև հնարավորություն են տալիս նույնանման հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ (մեկնաբանություններ) ու խտրական որոշումներ ընդունել: Առկա են կրկնվող, նաև իրար հակասող ընթացակարգեր և գործառույթներ:

4. Հանրային բարիքի կառավարում և վերաբաշխում. հանրային ռեսուրսների (բարիքի) վերաբաշխման, կառավարման ինստիտուտների, դրանց կառուցվածքի, պաշտոնների և աշխատանքային այլ պայմանների (ռեսուրսների) հանրային նպատակներին չհամապատասխանելը` կոնկրետ անձանց կամ դրանց խմբերի տնտեսական, քաղաքական կամ “կլանային” շահերին համապատասխանեցումը:

Եզրահանգում. հանրային ռեսուրսների (բարիքի) վատնում կամ յուրացում, արդյունքում՝ հասարակության անդամների միջև եկամուտների բաշխման զգալի խզում և հետևաբար, բաշխման արդարության ընկալման դեֆիցիտ:

5. Պատժի անխուսափելիություն՝ ձևական պատասխանատվություն. հսկողական և վերահսկողական համակարգերը դեռևս ձևական և ընտրանքային են: Այս համակարգերը չեն երաշխավորում գործընթացների (համակարգերի) արդյունավետ (Effective), օգտավետ (Efficient) և խնայողաբար (Economy) լինելը: Հակառակը` դրանք հիմնականում կիրառվում են որպես “անհնազանդներին հնազանդեցնելու” միջոց:
Եզրահանգում. «Բոլորը բոլորին հսկում կամ վերահսկում են, սակայն խախտումները և վատնումները չեն նվազում:» Հետևաբար՝ արժանահավատ և ամբողջական հսկողական ու վերահսկողական համակարգերը բացակայում են, իսկ գործող համակարգերը հիմնականում ոչ թե կանխարգելելու՝ այլ պատժելու նպատակ են հետապնդում:

6. Այլ…:

Մտահոգիչ և վտանգավոր է այն, որ անգամ նոր կառավարության առանձին անդամներ/թիմեր դժվարությամբ են խիզախում իրականացնել համակարգային փոփոխություններ, հնարավոր է՝ իներցիոն կառավարման, սխալներ թույլ չտալու, «վատություն» չանելու և այլ պատճառներով:

Ավանդույթի ուժով ձևավորված և գործող կառավարման համակարգը՝ հատկապես միջին և համեմատաբար ցածր օղակի ղեկավարությունը ինքնապաշտպանության և սեփական ներկայությունը արդարացնելու և/կամ որոշակի շահեր պաշտպանելու պատճառով ընդվզում ու ընդիմանում են համակարգային փոփոխություններին՝ կառավարման համակարգ հեղափոխության մուտքին: Առկա է նաև անուղղակի «ահաբեկում». եթե որևէ բան փոխենք ապա կլինեն ձախողումներ կամ՝ սկզբից թող մնացածը փոխվեն և հետո միայն մենք…:

Սուտ է: Քանի որ՝

– անհրաժեշտ փոփոխություններ չանելու դեպքում ենք վտանգելու մեր երկրի ու երեխաների ապագան:

– յուրաքոանչյուրը պետք է սկսի իրենից՝ անկախ ուրիշների վարքից:

Եզրահանգում՝ Առկա է հեղափոխությունը արժեզրկելու ռիսկ՝ համակարգային փոփոխություններ չանելու դեպքում, քաղաքացին և գործարարը առօրյայում շարունակելու են բախվել ուռճացված և տձև ապարատի անհաղթահարելի պատնեշին ու կորցնելու են հավատը հեղափոխության նպատակների և որ հավանաբար, ավելի կարևոր է՝ իրենց հանդեպ:

Լուծում՝ Կառավարման համակարգը պետք է արագ և արմատապես վերափոխել՝ անհապաղ կրճատել բոլոր այն գործառույթները, կազմակերպությունները և պաշտոնյաներին, որոնք չեն ապահովում հավելյալ արժեք՝ հանրային բարիքի արդյունավետ, օգգտավետ և խնայողաբար օգտագործում: Նման գործառույթների և պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան դրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը: Անգամ, եթե 10 հազար կամ ավել նմանօրինակ հարնային ծառայողներ դառնան գործազուրկ, դրանից շահելու է շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի՝ փոքրամասնության շահը պետք է ստորադասվի մեծամասնության շահին:

Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս