Նիկոլ Փաշինյանին չի հավատում ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը. Գագիկ Համբարյան. Tert.am

Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում նոր իշխանությունների պաշտոնավարման օրոք շատ խնդիրներ կան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ցավոք, այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը խիստ կասկածամիտ է դարձել Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցում: Ռուսաստանը բացահայտ ցույց տվեց իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: ՀՀ իշխանությունները կոպիտ սխալ թույլ տվեցին, երբ փորձեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ձերբակալել»,- ասաց Համբարյանը:

Քաղաքագետը նշեց, որ Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները, ինչը պատահական լինել չէր կարող: Ըստ Համբարյանի՝ այդպիսով Ռուսաստանը հստակ ուղերձ էր հղում ՀՀ գործող իշխանություններին:

«Դա արվեց ոչ թե Քոչարյանի մամուլի խոսնակի կողմից, այլ Կրեմլի: Սա ո՞նց կարող է պատահական լինել: Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն էր, բայց Պուտինն ու Մեդվեդևը չէին էլ շնորհավորել: Սա կարող է շատերի կողմից ոչ էական դիտարկվել, բայց որպես պատմաբան ես սա էական դետալ եմ համարում: Պաշտոնական Մոսկվան շարունակում է ցույց տալ, որ բացարձակ չի վստահում Նիկոլ Փաշինյանին անգամ նրանից հետո, երբ ՀՀ-ը չմասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը չի հավատում, որ Հայաստանը ռուսամետ արտաքին քաղաքականություն է վարում:

«Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո հայտարարեց, որ շարունակելու են վարել այն արտաքին քաղաքականությունը, որը եղել է նախորդների ժամանակ: Սա ենթադրում էր սերտ համագործակցություն ՌԴ–ի հետ: Բայց նայե՛ք, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները: Ռուսական մամուլը պարբերաբար գրում է, որ նրանց մեծ մասը արևմտյան բուհեր են ավարտել, արևմտյան գաղափարախոսություն են տարածում, համագործակցել են հակառուսական կողմնորոշում ունեցող խոշոր ՀԿ-ների հետ, ժամանակին մասնակցել են հակապուտինական հանրահավաքների: Սա չի կարող իր ազդեցությունը չունենալ»,- մանրամասնեց նա:

Ավելին, ըստ Գագիկ Համբարյանի, Արևմուտքն էլ «կուլ չտվեց խայծը, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո կարող է լինել արտաքին քաղաքականության փոփոխություն»:

«Արևմուտքը հիմար չէ, լավ հասկանում են, որ եթե ուզում ենք փոխել արտաքին կողմնորոշումը, ուրեմն առաջին հերթին երկրից հանելու ենք ՌԴ ռազմական բազան, ինչպես դա արեց Վրաստանը: 3 ռուսական ռազմաբազա վրացական իշխանությունների կողմից հանվեց: Բայց մենք նման բան չենք անում, դրա համար էլ Եվրոպան խայծը կուլ չի տալիս: «Թավշյա հեղափոխությունը» չի ազդել արտաքին քաղաքական վեկտորի վրա: Ի՞նչ ենք ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Եվրոպան քսակները բացի ու փողե՞ր տա: Եվրոպան հիմար չէ, իրենք չեն հրճվի, որ Հայաստանում փոփոխություններ են եղել: Կոնկրետ քայլեր են պետք, թոզ փչելով չէ»,- շեշտեց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանին չի հավատում ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը:

Տեսանյութեր

Լրահոս