Լա լիգան խաղեր կանցկացնի նաև Մեքսիկայում
Մեքսիկայում Լա Լիգայի ներկայացուցիչ Նունո Պերես-Պլան հայտարարել է, որ Լա լիգան մտադիր է այդ երկրում անցկացնել Իսպանիայի առաջնության խաղերը:
«Լա Լիգան մեծ ներուժ ունի Իսպանիայից դուրս խաղալու համար: Մեքսիկան մեզ համար կարևոր տեղ է, սա երկրորդ կարևոր երկիրն է մեզ համար: ԱՄՆ-ում հաջող հանդիպումներից հետո մենք կենտրոնանալու ենք այս երկրի վրա: Մեքսիկան մշակութային կապեր ունի Իսպանիայի հետ, շատ մեքսիկացի ֆուտբոլիտներ գնում են Լա Լիգայում խաղալու: Այնպես որ, երկրպագուների համար կարևոր է, որ այստեղ ևս խաղեր անցկացվեն: Արտերկրում խաղերի անորոշությունը կվերանա, երբ բոլորը տեսնեն, թե որքան հաջող կլինեն դրանք»,- ասել է Պերես-Պլան:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 16-ին հայտնի դարձավ, որ Լա լիգան պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում գործող ԶԼՄ-ների հետ, ըստ որի՝ մի շարք ֆուտբոլային հանդիպումներ տեղի կունենան Հյուսիսային Ամերիկայում:
Համաձայնագիրը նախատեսված է 15 տարվա համար, իսկ առաջին նման խաղերը, հավանաբար, տեղի կունենան արդեն այս մրցաշրջանում, բայց դժվար թե մինչև Նոր տարին: ԱՄՆ-ում անցկացվելիք խաղում պետք է խաղան «Ռեալը», «Բարսելոնան» կամ «Ատլետիկոն»: Այս համաձայնությունը ձեռք է բերվել առանց AFE- ի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համաձայնության:
Սիրարփի Աղաբաբյան