Բաժիններ՝

Էրիկ Գրիգորյանը KfW-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման հարցը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օգոստոսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական զարգացման բանկի (KfW) համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշին, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:

Բնապահպանության նախարարը ողջունել է հյուրերին Հայաստանում, անդրադարձել KfW բանկի հետ բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցությանը՝ շեշտելով այն ընդլայնելու և խորացնելու անհրաժեշտությունը։

Մարիոն Քնիշը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը։ Հյուրն անդրադարձել է ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման գործընթացին։

Նախարար Էրիկ Գրիգորյանն առաջնային է համարել Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, ինչը պայմանավորված է գլոբալ կլիմայական փոփոխություններով ու գյուղատնտեսության ծավալների աճով և այդ առումով կարևորել գերմանական կողմի հետ մեծածավալ ծրագրերի իրագործումը։ Հյուրերի խնդրանքով բնապահպանության նախարարը ներկայացրել է նաև ջրային ոլորտի ներկայիս վիճակը և առկա խնդիրների լուծման նպատակով տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համատեղ արդյունավետ աշխատանքին միտված հանձնառությունը և համագործակցության խորացման պատրաստակամությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս