«Ժառանգություն»-ը ԿԸՀ ներկայացրեց ընտրությունների գրանցման փաստաթղթերը

Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների գրանցման փաթեթը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Օգոստոսի 29-ին փաթեթը ԿԸՀ է բերել կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք քաղաքացիների դատին ենք ներկայացնելու ոչ միայն մեր ծրագիրը, այլև` մեր կուսակցության անցած ուղին: Մենք բաց ճակատով ենք նայում քաղաքացիներին: «ժառանգությունն» այն սակավաթիվ քաղաքական կուսակցություններից էր, որ չտրվեց իշխանության գայթակղություններին»,- ասաց Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` իրենք հիմնական մրցակից չունեն, բայց նրանց շարքում բարեկամներ ունեն:

«Մրցակիցների մեջ կան մի քանիսը, որոնց բարեկամ-մրցակից ենք համարում: Դրանք այն ուժերն են, որոնք ընդդիմության շարքերում պայքարել են այս օրվա համար: Օրինակ` Հայկ Մարությանը»,- նշեց կուսակցության նախագահը:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» 49-հոգիանոց ցուցակը կգլխավորի կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Երկրորդ համարը կլինի` կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Ժպտա» կարգախոսով:

ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը ժամը 18:00-ը:

Տեսանյութեր

Լրահոս