«Բարով մաշի». Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը, ասաց, թե չի կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան կա այսօր:
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտավախության մասին, թե իր հրաժարականի դեպքում մեծ է ռիսկը, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրել ու նրան ընտրել, Վ. Բաղդասարյանն ասաց, թե իրենք հիմա նման որոշում չունեն.
«Քաղաքական դաշտում քայլերը միշտ ունենում են որոշակի ռիսկայնություն, իսկ այսօր ռիսկային չէ՞ այն քայլը, որ ինքը այս շարժումը կատարեց։ Դա ավելի ռիսկային էր, և ընդհանրապես արդյունքի հասնելու համար միշտ պետք է ռիսկայնությունից չխուսափել։ Մենք հիմա նման որոշում չունենք, բայց ինձ թվում է՝ իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև նա աշխատում է ու իր աշխատանքով պետք է ամեն ինչ ապացուցի ու իր հրաժարականը չեմ կարծում, որ ԱԺ արձակման առիթ է։ Առայժմ նրան խանգարող որևէ հանագամանք չկա։ Մենք աջակցում ենք և պետք է աջակցենք կառավարության ծրագրերին։ Մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա»։
Հարցին՝ ՀՀԿ-ն վատ չի՞ զգում, որ նոր Սահմանադրությունը, որը նախկին ընդդիմադիրների կողմից որակվում էր որպես «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում», բաժին է հասել Ն. Փաշինյանին, Բաղդասարյանը պատասխանեց.
«Բարով մաշի»։