«Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզումը կսկսվի մոտ ժամանակներս». Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է մոտ ժամանակներս փաստաթղթերի փաթեթ ներկայացնել Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին 1997 թվականի պայմանագրի խզումն սկսելու համար:
Այդ մասին ուկրաինական պետության ղեկավարը օգոստոսի 28-ին հայտարարել է հանրապետության դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
«Վերջապես այսօր մենք բավականաչափ նախապատրաստված եւ իրավաբանորեն պաշտպանված մոտեցել ենք հաջորդ քայլին՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողության դադարեցմանը, որն արդեն վաղուց ժամանակավրեպ է դարձել: Արդեն մոտ ժամանակներս ես ԱԳՆ-ից սպասում եմ փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթին՝ այդ գործընթացի իրագործումն սկսելու համար»,-նշել է Պորոշենկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: