Ռուսաստանի Դաշնության ռազմական ծախսերի բաշխումը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է որոշ տվյալներ երկրի ռազմական բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ ըստ ուղղությունների բաշխվածության:
ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ռուսաստանը ռազմական բյուջեի 2/3 մասը ծախսում է զենքի ու սպառազինությունների մշակման և գնման ուղղությամբ, ինչը կազմում է ողջ ռազմական բյուջեի մեծ մասը՝ շուրջ 70%-ը: Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի ռազմական բյուջեն իր ծախսային ընդհանուր ծավալների հաշվարկով ներկայում աշխարհում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ առաջին դիրքը գլխավորում է Միացյալ Նահանգները:
ՊՆ տեղեկատվությամբ, Ռուսաստանը իր հսկայածավալ ռազմական բյուջեով մտադիր չէ աշխատել «մրցավազքի» սկզբունքով, ինչը կդարձնի առկա ռազմական ռեսուրսների ու կարողությունների կիրառությունը պակաս արդյունավետ. «այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գտնել երկրի անվտանգության ապահովման սեփական միջոցներն ու մոտեցումները»:
Հավելենք, որ ՌԴ կառավարության կողմից հաստատված պետբյուջեի համաձայն, 2018թ. «Ազգային պաշտպանություն» բաժնին հատկացված ծախսերը կազմում են 943.6 մլրդ ռուբլի, «Ազգային անվտանգություն և իրավապահ գործունեություն» բաժնին՝ 1.3 տրլն ռուբլի:
Պատրաստեց 168.am-ը