Բաժիններ՝

Թուրքիայում բռնկված անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը 441 աստիճանի է հասել

Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանում բռնկված անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 441 աստիճանի, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։

«Չինե շրջանում հրդեհաշիջման աշխատանքները օդից և ցամաքից կշարունակվեն, մինչև կրակն ամբողջությամբ մարվի։ Ջերմատեսիլային նկարահանումը ցույց է տվել, որ կրակի էպիկենտրոնում ջերմաստիճանը 441 աստիճանի է հասել։ Քամու ուղղությունն անընդհատ փոխվում է, այդ իսկ պատճառով հրշեջները աշխատում են դժվար պայմաններում»,– ասել է նա։

Թուրքական ԶԼՄ–ները նշում են, որ արևմտյան Չինե շրջանում հրդեհի մարման համար 9 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, 42 հրշեջ մեքենա, 9 ջրցան և 4 բուլդոզեր է ուղարկվել։

Ավելի վաղ այդ շրջանում հրդեհի հետևանքով վնասվել էր 5 տուն, ևս 30 բնակելի տներից մարդիկ տարհանվել էին որպես նախազգուշական միջոց։ 4 բնակավայրից դուրս են բերել նաև ընտանի կենդանիներին։

Յումաքլիի խոսքով՝ անտառային հրդեհների մարման աշխատանքները շարունակվում են նաև Բալըքեսիր նահանգում։ Գործողությանը մասնակցում են 5 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, արտակարգ իրավիճակների նախարարության 850 աշխատակից և 55 կամավոր։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 2 հրշեջ և անտառտնտեսության մեկ աշխատակից։ Ռիսկի գոտուց մի քանի բնակավայրերի բնակիչներ են տարհանվել։

Թուրքիան անտառային խոշոր հրդեհների դեմ է պայքարում միանգամից մի քանի նահանգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031