Երևանում սուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ին պատկանող` սուրճի վերամշակման արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Լուրը հրապարակվել է ՍԱՏՄ–ի ֆեյսբուքյան էջում։
Ըստ տեսչական մարմնի` Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։
Բացի այդ, ըստ ՍԱՏՄ–ի, առաստաղների կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու վտանգը, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն ու պարագաները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

