«Պետական բյուջեի միջոցների ընտրովի բաշխումը անթույլատրելի է, առավել եւս լրատվական դաշտում». Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր, նախագահ Շուշան Դոյդոյանը գրում է. «Երբ Կառավարությունը լրատվամիջոցներին հանում է 30 տարի իրենց զբաղեցրած տարածքից՝ ասելով, որ անհատույց տրամադրման պայմաններն այլեւս պետք է փոխարինվեն վարձակալական պայմաններով, եւ միևնույն ժամանակ անհատույց օգտագործման տարածք է տրամադրում լրատվամիջոցներից մեկին, բազմաթիվ հարցեր են առաջանում հավասարության, խտրականության բացառման և մամուլի ազատության հետ կապված։
Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հստակ հրապարակի այն բոլոր չափանիշները, որոնց պետք է բավարարեն լրատվամիջոցները անհատույց տարածք ստանալու համար, միաժամանակ բացատրի իր որոշումների հիմնավորվածությունը։ Ոչ թե չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկի հարցը՝ այն հույսով, որ դե շատ մարդ չի իմանա այդ մասին, անցկացնենք պրծնենք։
Պետական բյուջեի միջոցների ընտրովի բաշխումը անթույլատրելի է, առավել եւս լրատվական դաշտում։ Էլ չեմ խոսում ինքնագրաքննության և խմբագրական անկախության հասցված վնասի մասին»:

