Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է Առուշ Առուշանյանի հետ
Հուլիսի 20-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Այցի շրջանակում պաշտպանը հանդիպում է ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև բնակիչների սոցիալական իրավունքների ապահովման և առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունները։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ համայնքներում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ դերակատարների սերտ ու հետևողական համագործակցության պայմաններում։
«Համայնքներում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն առկա խնդիրների արձանագրում, այլև դրանց լուծման ուղղությամբ համակարգված և շարունակական աշխատանք։ Աշխատանքային այցերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու բնակիչներին հուզող հարցերին, գնահատելու առկա մարտահրավերները և համատեղ ջանքերով մշակելու այնպիսի լուծումներ, որոնք կծառայեն յուրաքանչյուր մարդու իրավունքների լիարժեք իրացմանը»,-նշել է պաշտպանը։
Անահիտ Մանասյանը կարևորել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ դերակատարների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է հետևողականորեն կատարելագործել այն մեխանիզմներն ու ծառայությունները, որոնք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացիների իրավունքների իրացման վրա։
Պաշտպանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նպաստելու համայնքներում բարձրացված խնդիրներին հասցեական արձագանքմանը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ լուծումների մշակմանը։

