ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ
Այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ում, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։ 44-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը վնասվածքի պատճառով փոխարինվեց, իսկ նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Նիկոլաս Օտամենդին։
Հանդիպման ընդմիջման ժամանակ տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպված շոուն․ գլխավոր կատարողներն էին Ջասթին Բիբերը, Շակիրան, Մադոննան և BTS խումբը։ Այլ կատարողների թվում էին Բուրնա Բոյը, Դայ Դայը, դիրիժոր Գուստավո Դուդամելը և Coldplay-ը։
Հանդիպման 93-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էնցո Ֆերնանդեսը․ արգենտինացիները մնացին 10 հոգով։ Երկրորդ խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին և հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Թիմերը հանդիպումը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ։ Հանդիպման 95-րդ րոպեին Նիկո Ուիլյամսը դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց։ Բայց հանդիպման 106-րդ րոպեին Ֆերան Տորեսի գոլն արդեն կանոնների սահմաններում էր ու գոլը գրանցվեց՝ 1-0, ու դա այս հանդիպման միակ գոլն էր, քանի որ քիչ անց նույն Տորեսի գրանցած երկրորդ գոլը խաղից դուրս իրավիճակից էր։
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն։
Պատմական ակնարկ
Նշենք, որ Իսպանիայի հավաքականի համար սա երկրորդ եզրափակիչն էր Աշխարհի առաջնություններում, իսկ գործող չեմպիոն Արգենտինայի համար՝ 6-րդ։ Իսպանիայի հավաքականը 2010 թվականի Աշխարհի չեմպիոնն է, ու իր երկրորդ եզրափակիչում ևս տիտղոս նվաճեց, իսկ Արգենտինան իր հերթին 3 անգամ է դարձել չեմպիոն՝ 1978, 1986 և 2022։

Հետաքրքիր ռեկորդներ
Լիոնել Մեսսին մասնակցեց է իր երրորդ Աշխարհի առաջնության եզրափակչին։ 39-ամյա արգենտինացի հարձակվողը մեկնարկային կազմում էր 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի դեմ։ Մեսսին հավասարվեց բրազիլացի նախկին պաշտպան Կաֆուի նվաճմանը, որը խաղացել է Աշխարհի առաջնության երեք անընդմեջ եզրափակիչներում՝ 1994, 1998 և 2002 թվականներին։ Բայց, ի տարբերություն Կաֆուի, Մեսսին բոլոր եզրափակիչներին մասնակցել է առաջին րոպեներից։
Բացի այդ, Լիոնել Մեսսին դարձավ պատմության մեջ ամենատարեց ֆուտբոլիստը (դարպասապահներին չհաշված), որը խաղացել է Աշխարհի առաջնության եզրափակչում։ 39 տարեկան և 25 օրական հասակում արգենտինացի հարձակվողը մեկնարկային կազմում է 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում՝ Իսպանիայի դեմ խաղում։

Իսպանացի հարձակվող Լամին Յամալը ևս ընդգրկվել էր 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի իր թիմի մեկնարկային կազմում։ Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ հանդիպմանը մեկնարկեցին 20 տարուց ավելի տարիքային տարբերությամբ ֆուտբոլիստներ։ Մեսսին ընթացիկ մրցաշարի ընթացքում արդեն 39 տարեկան է, իսկ Յամալը՝ 19։
Լամին Յամալը դարձել է Աշխարհի առաջնության եզրափակչում հանդես եկած երեք ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։ Նրանից ավելի երիտասարդ են եղել միայն 17-ամյա Պելեն (1958 թվականի Աշխարհի առաջնություն) և 18-ամյա Ջուզեպե Բերգոմին (1982 թվականի Աշխարհի առաջնություն), ովքեր մասնակցել են ԱԱ-ի եզրափակիչի։ Երկու ֆուտբոլիստներն էլ հաղթել են եզրափակիչում։
Հակառեկորդ․․․
Արգենտինան սահմանեց Աշխարհի առաջնության եզրափակչի նոր հակառեկորդ։ Հարավամերիկացիները չկարողացան դարպասին որևէ հարված կատարել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի Իսպանիայի դեմ հանդիպման հիմնական ժամանակում, որը պատմության մեջ վատագույն արդյունքն է։
Մարտինեսի ռեկորդը․․․
Փոխարենն Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի հավաքականի հետ հանդիպմանը կատարեց 10 սեյվ։ Սա Աշխարհի առաջնության եզրափակչում ամենաշատ սեվերի քանակով ռեկորդ է։
ArmSport

