Ստեղծվել է զենք, որը կարող է շուրջ 80 դրոն ոչնչացնել՝ առանց մեկ կրակոցի
Միջազգային Thales ընկերությունը ներկայացրել է RapidDestroyer համակարգը՝ ուղղորդված էներգիայի ռադիոհաճախական զենքը (RFDEW): Մեծ Բրիտանիայում վերջին փորձարկումների ընթացքում դրա օգնությամբ ոչնչացվել է 80 ԱԹՍ։
Ուղղորդված էներգիայի զենքի նկատմամբ հետաքրքրությունը պատահական չէ․ հրաձգային և հրթիռային սպառազինությունը միշտ չէ, որ կարող է դիմակայել անօդաչուների զանգվածային հարձակումներին, մինչդեռ RFDEW-ը կարող է խոցել միանգամից մի քանի թիրախ՝ առանց թանկարժեք որսիչների կիրառման, հաղորդում է «Техкульт»-ը։ Գործելով ակնթարթորեն՝ ռադիոհաճախական իմպուլսները շարքից հանում են ԱԹՍ-ների կենսական նշանակության համակարգերը՝ առաջին հերթին էլեկտրոնային բաղադրիչները, ինչից հետո դրոնները կորցնում են գործունակությունը և չեն կարողանում շարունակել թռիչքը։
RapidDestroyer-ի վերջին տարբերակում մշակողները տեղադրել են արդիականացված չորսպանելային էֆեկտոր, որը թիրախի վրա կենտրոնացնում է ավելի շատ էներգիա, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ և ճշգրիտ շարքից հանել թշնամու դրոնները։
Համակարգը միավորում է ռադիոհաճախական զենքը Thales-ի կառավարման և վերահսկման ծրագրային ապահովման, ինչպես նաև արհեստական բանականության հետ՝ սպառնալիքները արագ հայտնաբերելու և դրանց արձագանքելու համար։ Միևնույն ժամանակ ամբողջ գործընթացը, այնուամենայնիվ, վերահսում են օպերատորները։ RapidDestroyer-ի նման համակարգերի շնորհիվ տարբեր երկրներ հնարավորություն են ստանում զգալիորեն ուժեղացնելու պաշտպանությունը դրոնների զանգվածային հարձակումներից։

