ԱԱ-2026. Արգենտինան լրացուցիչ ժամանակում կոտրեց Շվեյցարիայի դիմադրությունը` դուրս գալով կիսաեզրափակիչ
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականը ծանրագույն պայքարում, լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով պարտության մատնեց Շվեյցարիայի ընտրանուն և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հանդիպման հաշիվը բավականին արագ՝ արդեն 10-րդ րոպեին, բացեց Ալեքսիս Մակ Ալիստերը։ Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Լիոնել Մեսսին, որն աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է։ Արգենտինացիները երկար ժամանակ պահպանում էին հաղթական հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, Դան Նդոյեն վերականգնեց հավասարությունը։ Դրանից կարճ ժամանակ անց՝ 72-րդ րոպեին, Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Բրիլ Էմբոլոն։
Հատկանշական է, որ կիսաեզրափակիչի ճանապարհին Արգենտինան փլեյ-օֆֆի բոլոր փուլերը հաղթահարել է հենց լրացուցիչ ժամանակում։ Այս անգամ ևս հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի։ Թվային մեծամասնություն ստացած արգենտինացիները լրացուցիչ ժամանակում կարողացան վճռական ճնշում գործադրել և հասնել ցանկալի արդյունքի։ 112-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը, ստանալով Ֆլակո Լոպեսի փոխանցումը, հեռահար ու գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին, իսկ արդեն 120+1-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը ձևակերպեց 3-1 վերջնական հաշիվը։
Այսպիսով, արգենտինացիները շարունակում են պայքարը տիտղոսի պաշտպանության համար և կիսաեզրափակիչում ուժերն են չափելու Անգլիայի հավաքականի հետ։ Այդ դիմակայությունը կայանալու է հուլիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
ArmSport

