Իրանը հայտարարել է Օմանի Դուկմ նավահանգստին հարվածելու մասին․ Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում տագնապ է հայտարարվել
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի դեմ պատասխան գործողության երրորդ փուլի մեկնարկի մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ հզոր անակնկալ հարված է հասցվել լոգիստիկ կենտրոններին և վերալիցքավորման օբյեկտներին, որոնք, Թեհրանի պնդմամբ, օգտագործվում են ամերիկյան ավիակիրների կողմից Օմանի Դուկմ նավահանգստում։
Իրանական պետական IRIB հեռուստաընկերությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնել է, որ հարձակման ենթարկված օբյեկտները ոչնչացվել են։ Թեհրանում Օմանի ուղղությամբ հարվածը անվանել են ամերիկյան ռմբակոծություններին տրված պատասխանի երրորդ փուլ։
Դրանից անմիջապես հետո Քուվեյթի բանակի գլխավոր շտաբը հայտնել է, որ երկրի ՀՕՊ ուժերը պետության օդային տարածքում որսում են «թշնամական օդային թիրախներ»։
Զինվորականները հայտարարել են, որ պայթյունների ձայները կապված են հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի հետ, և բնակիչներին կոչ են արել հետևել իշխանությունների ցուցումներին։
Այնուհետև Կատարի ներքին գործերի նախարարությունը առավոտվա ընթացքում երկրորդ անգամ անվտանգության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է մինչև առավելագույնը և բնակիչներին խորհուրդ տվել մնալ տանը կամ անվտանգ վայրերում։
Ավելի ուշ օդային տագնապի շչակները առավոտվա ընթացքում երկրորդ անգամ միացվել են նաև Բահրեյնում։ Երկրի ներքին գործերի նախարարությունը բնակչությանը կոչ է արել անմիջապես պատսպարվել մոտակա անվտանգ վայրերում։

