Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա դաշինքի առաջնորդների 36-րդ հանդիպումն է և պատմության մեջ 2–րդը, որ անցկացվում է Թուրքիայում։

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դաշնակիցները ստիպված են պատասխաններ գտնել շատ ընդգրկուն հարցի՝ ինչպես պահպանել ՆԱՏՕ-ի միասնությունը ԱՄՆ–ի անկանխատեսելի քաղաքականության և անվտանգության համաշխարհային համակարգում ԱՄՆ-ի դերի աստիճանական վերափոխման պայմաններում։

CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնել է բացառապես նախագահ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ ԱՄՆ առաջնորդն ի սկզբանե կասկածանքով է վերաբերվել դաշինքի իր դաշնակիցների հետ հանդիպմանը, քանի որ դժգոհ է եղել, որ նրանցից շատերը ԱՄՆ-ին չեն աջակցել Իրանի դեմ պատերազմում։

Հրավիրվածների թվում է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, որը հանդիպում ունի Թրամփի հետ։

«Ի դեպ, Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների համար Անկարայում կազմակերպվող ընթրիքին, բայց չի մասնակցի գագաթնաժողովի նիստերին։ Սա ազդանշան է այն մասին, որ Կիևի՝ մի օր դաշինքին միանալու ձգտումը դեռ չիրականացված է մնում»,–հայտնում է CNN-ը։

ԱՄՆ-ի համար այս գագաթնաժողովը, առաջին հերթին, հնարավորություն է ստուգելու, թե որքանով են դաշնակիցներն առաջընթաց գրանցել Հաագայում անցյալ տարի կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարման մասով. այն ժամանակ, Թրամփի ճնշման տակ, դաշինքի մասնակիցները համաձայնեցին մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև իրենց երկրների ՀՆԱ-ի 5%-ը (3.5%–ը՝ ուղիղ ռազմական կարիքների համար, 1.5%՝ հարակից ուղղությունների ոլորտների (այդ թվում՝ ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության)): ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ ամերիկացի դաշնակիցներն Անկարայում կստանան իրենց առաջին «առաջադիմության թերթիկները»։

Հիշեցնենք` գագաթնաժողովից առաջ Թրամփը կրկին հրապարակավ քննադատել էր դաշնակիցներին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում «հսկայական տարբերությամբ» շատ ներդրումներ է կատարում, քան որևէ այլ երկիր, սակայն դրանից որևէ օգուտ չի ստանում։ Որպես ապացույց նա հետևյալ թվերն է ներկայացրել (ամենայն հավանականությամբ` դաշինքի անդամների 2025 թվականի պաշտպանական ծախսերը). ԱՄՆ՝ 999 մլրդ դոլար, Մեծ Բրիտանիա՝ 90,5 մլրդ դոլար, Ֆրանսիա՝ 66,5 մլրդ դոլար, Իտալիա՝ 48,8 մլրդ դոլար, Լեհաստան՝ 44,3 մլրդ դոլար (ՆԱՏՕ-ն այլ թվեր է ներկայացնում): ԱՄՆ առաջնորդը Truth Social սոցցանցում գրել էր, որր մյուսները, այդ թվում՝ Գերմանիան, շատ ավելի քիչ են ծախսում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031