Ուկրաինան գիշերվա ընթացքում չի կարողացել ոչ մի բալիստիկ հրթիռ խոցել
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հուլիսի 6-ի գիշերը չի հաջողվել խոցել բալիստիկ հետագծով թռչող 29 հրթիռներից և ոչ մեկը․ զգացվում է բալիստիկա որսալու ունակ Patriot համակարգերի հրթիռների դեֆիցիտը։ Դրա մասին հայտարարել է Օդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը, հաղորդում է «Украинская правда»-ն:
«Ցուցանիշը, մեղմ ասած, ցածր է։ Բալիստիկ հրթիռները խոցելու համար պետք է ունենալ համապատասխան միջոցներ։ Համակարգերը բավարար են, անհրաժեշտ է հրթիռների մշտական մատակարարում։ Ռուսներն օգտագործում են այն գործոնը, որ Ուկրաինայում, ինչպես և ամբողջ աշխարհում, նկատվում է PAC2 և PAC3 որսիչ-հրթիռների լուրջ դեֆիցիտ, այդ պատճառով ավելի շատ կենտրոնանում են բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնելու վրա»։

