Վարորդական իրավունքը «Արմեդ»-ի տվյալների հիման վրա կկասեցվի ավտոմատ կերպով
Առողջական հակացուցումների դեպքում վարորդական իրավունքը կկասեցվի ավտոմատ կերպով՝ թվայնացված տվյալների հիման վրա։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ասաց, որ մինչ այժմ նախարարությունը հաճախ չէր ստանում համապատասխան բժշկական տեղեկատվությունը, ինչի հետևանքով պարեկները ճանապարհներին հանդիպում էին այնպիսի վարորդների, որոնք, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեին։
«Այսուհետ տվյալները շարունակաբար կթվայնացվեն «Արմեդ» համակարգում, և երբ համապատասխան տեղեկատվությունը գեներացվի, այն ավտոմատ հասանելի կդառնա նախարարությանը։ Եթե համակարգը հայտնաբերի առողջական հակացուցում, կգործի կարմիր ազդանշանը, և վարորդական իրավունքը կկասեցվի ավտոմատ»,- ասաց Սարգսյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ այն դեպքերին, երբ պարտադիր ժամկետային զինծառայությունից տարբեր հիվանդությունների հիմքով ազատված քաղաքացիները հետագայում վարորդական իրավունք են ստացել։
«Սա մի կողմից բանակից զարտուղի ճանապարհով ազատվող մարդկանց համար կլինի դաս, որ իրենք չեն կարող մեքենա վարել, իսկ մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնք իրապես ունեն նման հիվանդություններ, կիմանան, որ վարորդական իրավունք ունենալ չեն կարող»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարդիկ տարբեր հիվանդությունների պատճառաբանությամբ ազատվել են ժամկետային զինծառայությունից, այդ հիվանդությունները անհամատեղելի են վարորդական իրավունքի հետ, բայց հետո պարզվում է՝ վարորդական իրավունք ունեն։
«Եթե որևէ պետական համակարգում արձանագրվել է նման առողջական խնդիր, ապա այդ անձի պրոֆիլում պետք է ավտոմատ սահմանափակում կիրառվի, մինչև հարցը պարզաբանվի»,- ասաց վարչապետը։

