Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
Ուկրաինական ուժերը գիշերը հարվածել են ՌԴ Կուբանում գտնվող նավթաբազային, իսկ առավոտյան՝ Ուֆայում գտնվող երկու նավթավերամշակման գործարանի, որոնք գտնվում են առաջնագծից 1500 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին սոցցանցերում գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Գիշերն ուկրաինական կողմը հարձակվել է Պոլտավսկայայի նավթաբազայի վրա։ Այն գտնվում է ռազմաճակատից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա։
Արդեն առավոտյան ուկրաինական ուժերը հարձակվել են Ուֆայի երկու նավթավերամշակման գործարանների վրա՝ «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ»-ի և «Բաշնեֆտ-Նովոյլ»-ի։
«Մեր հեռահար գործողությունները հետևողական, ճշգրիտ պատասխաններ են Ռուսաստանի կողմից պատերազմի երկարաձգմանը և ուկրաինական քաղաքների ու համայնքների վրա հարձակումներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան իրականացնում է «երկարաժամկետ պատժամիջոցների ծրագիր», և շնորհակալություն է հայտնել զինվորներին՝ «ճշգրտությունն ապահովելու համար»։
«Ռուսները պետք է մտածեն իրական դիվանագիտության մասին, այլ ոչ թե փորձեն կրկին խաբել որևէ մեկին կամ ժամանակ շահել։ Պատերազմը պետք է ավարտվի»,- ընդգծել է նա։

