Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Շվեյցարիայում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքների ֆոնին։
Այս մասին հայտնում է Լիբանանի նախագահական գրասենյակը։
«Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել Լիբանանի հարավում հրադադարի մասին հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին և հետագա քայլերին։
Նախագահներ Աունը և Մակրոնը քննարկել են նաև նախորդ շաբաթ Ֆրանսիայի Էվիան քաղաքում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովի արդյունքները։ Նախագահ Աունը երախտագիտություն է հայտնել գագաթնաժողովի արդյունքներով Լիբանանի վերաբերյալ ընդունված դիրքորոշման համար»,- հայտնել է նախագահական գրասենյակը։
Երկու առաջնորդները նաև քննարկել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈւՆԻՖԻԼ) պահպանման վերաբերյալ հարցեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց մանդատը Լիբանանում լրանում է 2027 թվականի սկզբին։
Մակրոնը նշել է, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի մի շարք երկրների հետ և կաշխատի ստեղծել «ցանկացած միջազգային մասնակցության համար անհրաժեշտ շրջանակ»՝ ուժերի դուրսբերման վերջնաժամկետից առաջ։
Երկու նախագահներն անդրադարձել են լիբանանա-սիրիական հարաբերություններին: Նախագահ Աունը բարձր է գնահատել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կողմից վերջին հեռուստատեսային ելույթում հայտարարված դիրքորոշումները, որում նա հաստատել է իր երկրի հավատարմությունը Լիբանանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ մատնանշելով, որ Սիրիան չունի Լիբանանում ռազմական միջամտության մտադրություն։
Նախագահները համաձայնել են շարունակել շփումները՝ հետևելու Լիբանանում հրադադարի ամրապնդման և պետական իշխանությունը Լիբանանի ամբողջ տարածքում տարածելուն ուղղված զարգացումներին և դիվանագիտական ջանքերին։


