Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրաքի վարչապետ Ալի Զեյդիի հետ։
Այդ մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Փեզեշքիանի հետ զրույցի ընթացքում քննարկվել են թուրք-իրանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Էրդողանը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ նշելով, որ Անկարան պատրաստ է աջակցել գործընթացի խաղաղ ավարտին։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է բանակցային գործընթացը խափանելու փորձերի նկատմամբ զգոն լինելու կարևորությունը և հայտարարել, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել Իրանի հետ առևտրատնտեսական, ֆինանսական և էներգետիկ համագործակցության զարգացման ուղղությամբ։
Իրաքի վարչապետ Ալի Զեյդիի հետ զրույցում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերին առնչվող թեմաներ։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Իրաքը համագործակցության մեծ ներուժ ունեն հատկապես էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում։ Նա նաև Իրաքի վարչապետին հրավիրել է Թուրքիա՝ այդ ուղղություններով համագործակցության հեռանկարները և համատեղ ծրագրերը մանրամասն քննարկելու նպատակով։


