Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4106-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
«Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4106-ի, իսկ վիրավորներիը՝ 12 153-ի», – հայտնել է գերատեսչությունը։
Տեղեկություններ են հաղորդվում, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանում շիաների «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է 49 մարդ, ևս 32-ը վիրավորվել է։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ հունիսի 21-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը կենտրոնացրել են իրենց հարվածները Ալի Տահեր բարձունքների ուղղությամբ, որտեղ պաշտպանվում են «Հեզբոլլահ»-ի մարտիկներ։ Անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել նաև Քֆար Թեբնիտ քաղաքին և Նաբաթիե էլ-Ֆավկա արվարձանին։ Հարձակումների հետևանքով գրանցվել են զոհեր, որոնց թիվը ճշտվում է։
Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ սկսեց Իսրայելի դեմ։
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

