Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն պատգամավորների ունեցվածքը, որոնք չեն ընդգրկվի 2026 թվականի նոր խորհրդարանի կազմում։ Այս անգամ անդրադարձը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին է։ Հատկանշական է, որ նոր խորհրդարանում Նազարյանը չի լինի, իսկ նրա ամուսինը՝ գործող պատգամավոր Նարեկ Բաբայանը, կշարունակի իր քաղաքական գործունեությունը և ներկայացված կլինի նոր խորհրդարանում։
Մինչև 2017 թվականը նա ակտիվիստ էր, հեղափոխությունից հետո պատգամավոր դարձավ, իսկ 2019-2021 թվականներին՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
Նազարյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների ընթացքում նրա ունեցվածքում ավելացել է անշարժ գույքի քանակը, զգալիորեն աճել են եկամուտները, բայց միաժամանակ պահպանվել են հիպոթեքային պարտավորությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականի սկզբին և ավարտին Լենա Նազարյանը հայտարարագրել էր երկու անշարժ գույք՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող բնակարանը, որը ձեռք էր բերել գնման եղանակով, և Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տունը, որը ստացել էր ժառանգությամբ։
Տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, ներդրումներ կամ թանկարժեք գույք չէր հայտարարագրել։
Բանկային հաշիվներում առկա միջոցները տարեվերջին կազմել էին 1 միլիոն 843 հազար 831 դրամ՝ տարվա սկզբի 1 միլիոն դրամի դիմաց։ Նրա եկամուտը ձևավորվել էր բացառապես Ազգային ժողովից ստացած աշխատավարձից և կազմել 9 միլիոն 446 հազար 830 դրամ։ Տարեվերջին ուներ մեկ հիպոթեքային վարկ, որի մայր գումարի մնացորդը կազմում էր 21 միլիոն 520 հազար 15 դրամ։
2022 թվականը Նազարյանի ունեցվածքային պատկերի համար նշանակալի փոփոխության տարի էր։ Նա ձեռք բերեց երրորդ անշարժ գույքը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող բնակարանը, որի համար վճարել էր 24 միլիոն 336 հազար դրամ։ Այդպիսով, տարվա վերջում արդեն հայտարարագրել էր երեք անշարժ գույք՝ Առինջի բնակարանը, Նորք-Մարաշի առանձնատունը և նոր գնված Ծաղկաձորի բնակարանը։ Բանկային հաշիվներում միջոցները տարվա վերջում կազմել էին 157 հազար 411 դրամ և 888 հազար 633 դրամ։ Նրա տարեկան եկամուտը հասել էր 10 միլիոն 866 հազար 522 դրամի, որից 8 միլիոն 17 հազար 52 դրամը աշխատավարձ էր, 1 միլիոն 500 հազար դրամը՝ վարձակալությունից ստացված գումար, 1 միլիոն 314 հազար 710 դրամը՝ «ԱյԴի Բանկից» ստացված տոկոսային եկամուտ, իսկ 34 հազար 760 դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրով կատարված աշխատանքի դիմաց վճարում։ Նույն տարում նրա ընդհանուր հիպոթեքային պարտավորությունները կազմել էին արդեն 44 միլիոն 579 հազար 745 դրամ։
2023 թվականին տարվա սկզբին ավանդ չի ունեցել, ապա տարեվերջին արդեն ունեցել է 1 միլիոն 200 հազար դրամ ավանդ։
Դրամային հաշվի մնացորդը 888 հազար 633 դրամից աճել է մինչև 2 միլիոն 981 հազար 491 դրամ, իսկ եվրոյով հաշվին տարեվերջին եղել է 292.59 եվրո։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 14 միլիոն 347 հազար 867 դրամ։ Այդ գումարից 10 միլիոն 74 հազար 359 դրամը եղել է աշխատավարձ, 2 միլիոն դրամը՝ վարձակալությունից ստացված վճար, իսկ 2 միլիոն 273 հազար 508 դրամը՝ այլ եկամուտ Պետական եկամուտների կոմիտեից։ Տարվա վերջում երկու հիպոթեքային վարկերի մնացորդները կազմել են 23 միլիոն 451 հազար 450 դրամ և 19 միլիոն 382 հազար 327 դրամ՝ ընդհանուր 42 միլիոն 833 հազար 777 դրամ։
2024 թվականին նույնպես պահպանվել են նույն երեք անշարժ գույքերը։ Նազարյանը չի ունեցել տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, բաժնեմասեր կամ այլ ներդրումներ։ Սակայն առաջին անգամ հայտարարագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել «Անտարես» ԿՀԿ-ին տրամադրված 3 միլիոն 800 հազար դրամ փոխառությունը։ Տարվա սկզբին ունեցած 2 միլիոն դրամ ավանդը տարվա ավարտին զրոյացվել է։ Բանկային հաշիվներում առկա միջոցները կազմել են 268 հազար 829 դրամ, 297.71 եվրո և 2 միլիոն 473 հազար 927 դրամ։ Նրա տարեկան եկամուտները հասել են 14 միլիոն 526 հազար 723 դրամի։ Այդ գումարից 10 միլիոն 222 հազար 592 դրամը ստացվել է Ազգային ժողովի աշխատակազմից, 2 միլիոն 213 հազար 865 դրամը՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով, 90 հազար 266 դրամը՝ բանկային տոկոսների տեսքով, իսկ ևս 2 միլիոն դրամը՝ Լիլիթ Գևորգյան Սամվելից ստացված փոխառություն։ Տարվա վերջում նա ունեցել է 2 միլիոն դրամ փոխառության պարտավորություն և երկու հիպոթեքային վարկ, որոնց ընդհանուր մնացորդը կազմել է 40 միլիոն 868 հազար 479 դրամ։
2025 թվականին պատգամավորի անշարժ գույքային կազմը կրկին փոփոխության չի ենթարկվել։
Նա շարունակում է համատեղ սեփականությամբ ունենալ Առինջի բնակարանը, Ծաղկաձորի բնակարանը և Նորք-Մարաշի առանձնատունը։ Տրանսպորտային միջոցներ, ավանդներ, արժեթղթեր, բաժնեմասեր կամ թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Միաժամանակ պահպանվել է «Անտարես» ԿՀԿ-ի նկատմամբ ունեցած պահանջի իրավունքը։ Եթե տարվա սկզբին կազմակերպությունը Նազարյանին պարտք էր 3 միլիոն 800 հազար դրամ, ապա տարվա ընթացքում վերադարձվել է 389 հազար 770 դրամ, և տարեվերջին մնացորդը կազմել է 3 միլիոն 410 հազար 230 դրամ։
Բանկային հաշիվներում գտնվող միջոցներից մեկի մնացորդը 269 հազար 831 դրամից նվազել է մինչև 103 հազար 660 դրամ, մյուս հաշվին առկա 297.71 եվրոն մնացել է անփոփոխ, իսկ երրորդ հաշվին առկա 2 միլիոն 473 հազար 928 դրամը նվազել է մինչև 2 միլիոն 221 հազար 448 դրամ։ Կանխիկ դրամ չի հայտարարագրվել։
2025 թվականի ընթացքում Լենա Նազարյանի ընդհանուր եկամուտը կազմել է 10 միլիոն 593 հազար 949 դրամ։ Այդ գումարից 8 միլիոն 918 հազար 764 դրամը ստացել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն, 1 միլիոն 330 հազար 985 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից որպես եկամտային հարկի վերադարձ, իսկ 344 հազար 200 դրամը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ որպես այլ եկամուտ։
Միաժամանակ շարունակվել է հիպոթեքային վարկերի մարումը։ Տարվա վերջի դրությամբ երկու վարկերի մայր գումարի մնացորդները կազմել են 21 միլիոն 973 հազար 981 դրամ և 16 միլիոն 649 հազար 337 դրամ։ Այսպիսով, պատգամավորի ընդհանուր վարկային բեռը նվազել է մինչև 38 միլիոն 623 հազար 318 դրամ։
Համեմատելով 2021-2025 թվականների հայտարարագրերը՝ կարելի է արձանագրել, որ Լենա Նազարյանի անշարժ գույքերի թիվը երկուսից դարձել է երեք, երբ 2022 թվականին նա ձեռք է բերել Ծաղկաձորի բնակարանը։ Նրա տարեկան եկամուտները 2021 թվականի 9.4 միլիոն դրամից աճել են մինչև 2024 թվականին արձանագրված 14.5 միլիոն դրամ, իսկ 2025 թվականին կազմել են 10.6 միլիոն դրամ։ Միաժամանակ պահպանվել են զգալի հիպոթեքային պարտավորությունները, թեև դրանց ընդհանուր ծավալը 2022 թվականի 44.6 միլիոն դրամից աստիճանաբար նվազել է մինչև 2025 թվականի 38.6 միլիոն դրամ։ Այդպիսով, խորհրդարանից հեռանալիս Լենա Նազարյանը հայտարարագրում ներկայացնում է երեք անշարժ գույք, ավելի քան 3.4 միլիոն դրամի պահանջ՝ «Անտարես» ԿՀԿ-ի նկատմամբ, շուրջ 2.3 միլիոն դրամ բանկային միջոցներ և 38.6 միլիոն դրամ ընդհանուր հիպոթեքային պարտավորություններ»։

